երեքշաբթի, 30 հոկտեմբերի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվեց «ՀՀ 2002 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ներկայացրեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Փաստաթուղթը ամբողջական տեսքով կազմված է երեք մասից և ներառում է «ՀՀ 2002 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, բյուջեի ուղերձը և «ՀՀ 2002 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի բացատրագիրը: Կառավարությունը բյուջեի հետ խորհրդարան կներկայացնի նաև ՀՀ կառավարության զեկույցը 2002 թ. սոցիալ-տնտեսական զարգացման և հարկա-բյուջետային հիմնական ուղղությունների մասին, որին ևս գործադիրը այսօրվա նիստում անդրադարձավ: Պետբյուջեի ուղերձում կառավարությունը ներկայացնում է նաև հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների կանխատեսումները 2002-2004 թթ. համար:
Մինչ կառավարության նիստում քննարկվելը, պետական բյուջեն մանրակրկիտ քննարկվել է նախարարությունների, գերատեսչությունների ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև, ապա ՀՀ վարչապետի մոտ: Ըստ այդմ, հիմնական մոտեցումները ճշտված և փոխհամաձայնեցված են, նախարարությունների ու գերատեսչությունների կողմից հաշվի են առնված պետության ներկայիս հնարավորությունները: Ըստ վարչապետի, օրինագծի քննարկման ժամանակ ցանկացած փոփոխության առաջարկ պետք է հիմնավորվի նախարարների կողմից, ծախսերի ավելացման դեպքում՝ առաջարկվի նաև ֆինանսավորման աղբյուրը կամ այլ հոդվածից որոշակի կրճատումների հնարավորությունը՝ ավելի անհրաժեշտ հոդված տեղափոխելու համար:
2002 թ. համախմբված բյուջեն, որն ընդգրկում է նաև համայնքների միջոցները, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեն և այլն, եկամուտների մասով 214,3 մլրդ դրամ է, ծախսերի գծով՝ 257,7 մլրդ դրամ, բյուջեի դեֆիցիտը կազմում է 43,4 մլրդ դրամ: ՀՀ 2002 թ. պետբյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրավորվել է 2001 թ. բյուջետային տարվա համար հաստատված և 2000 թ. փաստացի ստացված համապատասխան 193,4 մլրդ դրամ և 170,2 մլրդ դրամ մուտքերի համեմատությամբ 10,8 տոկոսով և 25,9 տոկոսով ավելի: 2002 թ. նշված մուտքերը կկազմեն տվյալ տարվա համար ծրագրավորվող ՀՆԱ-ի 17,1 տոկոսը՝ 2001 թ. համար ծրագրավորված 17,2 տոկոսի և 2000 թ. փաստացի 16,5 տոկոսի դիմաց:
Ինչպես և նախորդ տարիներին, կանխատեսվում է, որ 2002 թ. եկամուտների ընդհանուր ծավալի գերակշռող մասը՝ 93,4 տոկոսը, բաժին կընկնի ընթացիկ եկամուտներին, իսկ 0,6 տոկոսը և 6,0 տոկոսը՝ համապատասխանաբար կապիտալի գործառնությունների և պաշտոնական տրանսֆերտների գծով մոտքերին:
Ինչ վերաբերում է եկող տարվա պետբյուջեով նախատեսվող ծախսերին, ապա դրանք գերազանցում են ՀՀ 2001 թ. պետբյուջեով հաստատված և ՀՀ 2000 թ. պետբյուջեի կատարման արդյունքներով փաստացի ձևավորված համադրելի ցուցանիշները համապատասխանաբար 6,6 տոկոսով և 22,9 տոկոսով՝ առանց պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացվող միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի: Ծախսերի նշված ծավալի 75,0 տոկոսը կամ 193,3 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 20,2 տոկոսը կամ 52,1 մլրդ դրամը՝ կապիտալ ծախսերին և 4,8 տոկոսը կամ 12,3 մլրդ դրամը՝ զուտ վարկավորմանը:
Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալները, կազմն ու կառուցվածքը ձևավորվել են ելնելով 2002 թ. մակրոտնտեսական կանխատեսումներից, գների և սակագների կանխատեսվող ցուցանիշներից, հանրապետությունում տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքը խաթարող նոր բյուջետային պարտքերի չառաջացման անհրաժեշտությունից, ինչպես նաև առանձին ծախսատեսակների գծով մշակված բյուջետային նորմատիվներից: Հաշվի են առնվել նաև բյուջետային հիմնարկների ցանցի կազմի և կառուցվածքի կատարելագործման և բնակչության կենսապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները:
Ըստ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, բյուջեի հետ ներկայացվող հարկային դաշտին վերաբերող փաթեթը նախատեսում է այդ դաշտում կայունացում, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում, ինչը նաև կնպաստի ստվերային տնտեսության դեմ պայքարին:
Քննարկման ընթացքում նշվեց, որ կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում, որն արդեն կառավարությունը նախաձեռնել է, եկող տարվա ընթացքում նախատեսվում է բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացում: 2002 թ. ծրագրված է նաև ուսուցիչների աշխատավարձերի 20 տոկոս բարձրացում:
«ՀՀ 2002 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձին հոդվածների վերաբերյալ նախարարների առաջարկները, որոնք քննարկվեցին և ընդունվեցին կառավարության կողմից, մինչև օրվա վերջը գրավոր կներկայացվեն ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ օրինագծում ներառվելու համար:
ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված ՀՀ 2002 թ. պետական բյուջեի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:
Հայաստանի Հանրապետության 2002 թ. պետական բյուջեի նախագիծը Ազգային Ժողովում ներկայացնելիս պաշտոնական ներկայացուցիչ նշանակվեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: