ուրբաթ, 20 ապրիլի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Արտիս Պաբրիկսին:
Լատվիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև մինչ այժմ ծավալված արդյունավետ համագործակցության ոգով ՀՀ նորանշանակ վարչապետը կզարգացնի նաև տնտեսական փոխգործակցությունը, որտեղ զգալի ներուժ գոյություն ունի:
Հայաստանի և Լատվիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները համարելով չափազանց փոքր և անբավարար, Արտիս Պաբրիկսը նշել է, որ համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման, տրանսպորտային հաղորդակցության բարելավման, մասնավորապես՝ Երևան-Ռիգա չվերթերի իրականացման և մի շարք այլ բնագավառներում գործակցության ակտիվացմամբ, հնարավոր է իրավիճակը էապես փոխել: Տրանսպորտային հաղորդակցության խնդիրը համարելով ամենացավոտը, վարչապետն առաջարկել է համագործակցությունը զարգացնել հեռանկարային և փոխշահավետ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային ոլորտները: Զրուցակիցները կարևորել են նաև եվրաինտեգրման բնագավառում գործակցությունը, ԵՄ անդամակցությամբ պայմանավորված՝ Լատվիայի հնարավորությունների և փորձի օգտագործումը՝ եվրոպական կառույցներին Հայաստանի առավել սերտ ինտեգրման նպատակով: Հայաստանի և Լատվիայի հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է Լատվիայի հայ համայնքի դերը ևս:
Հանդիպման ընթացքում Լատվիայի արտաքին գործերի նախարարը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է Հայաստանի նախընտրական իրավիճակով և հաջողություն մաղթել ընտրությունների ընթացքին, հույս հայտնելով, որ այն բարեհաջող կավարտվի: