ուրբաթ, 20 ապրիլի 2007
Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է «Ոռոգման նոր ջրամբարների կառուցման նպատակով տեխնիկական և տնտեսական հիմնավորվածության ուսումնասիրություն» մրցույթի համակցված տեխնիկական և ֆինանսական գնահատման արդյունքները: «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հիշյալ մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքներն արժանացել են «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը, որից ելնելով գնահատող հանձնաժողովը ֆինանսական առաջարկների բացմանը հրավիրել է յուրաքանչյուր գնահատման չափանիշով սահմանված նվազագույն միավորից բարձր գնահատական ստացած ընկերությանը: Ֆինանսական առաջարկների գնահատումից հետո, հիշյալ ընկերությունն ստացել է առավելագույն համակցված գնահատականը: Գնահատման արդյունքները կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի շրջանակներում առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհների շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկման խորհրդատվական ծառայությունների մատուցման հայտ ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը:
Նիստում որոշում է ընդունվել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գնումների ղեկավարի ընտրության մրցույթի արդյունքների հաստատման վերաբերյալ ևս: Գնահատող հանձնաժողովի կողմից առավելագույն գնահատակններ հավաքած 3 թեկնածուներից մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը: