ուրբաթ, 20 ապրիլի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող համակարգող խմբի կողմից առաջարկված ՀՀ 2008-2010թթ. պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կոմնորոշիչ չափաքանակները: Զեկուցվել է, որ ՄԺԾԾ բարձրագույն խորհրդի կողմից 2006թ. դեկտեմբերին հավանության արժանացած ՀՀ 2008-2010թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմքում դրվելիք հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և երկարաժամկետ ցուցանիշների ու ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ փաստաթղթի հիմքում դրված մի շարք հարկաբյուջետային ցուցանիշներ ս.թ. հունվար-մարտ ամիսներին կրել են ոչ մեծ փոփոխություններ: Դրանք հիմնականում պայմանավորված են անվանական ՀՆԱ-ի 2006թ. փաստացի և կանխատեսումային ցուցանիշների դրական տարբերությամբ: Այդ դեպքում հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների պահպանմամբ կատարված հաշվարկներով 2007-2010թթ. անվանական ՀՆԱ-ների կանխատեսումային ցուցանիշները բացարձակ արժեքով ևս ավելացել են, որի արդյունքում աճել են նաև հարկային եկամուտների կանխատեսվող ծավալները: Նշվել է,որ ՄԺԾԾ մշակման փուլում կարևորվում է եկամուտների միջնաժամկետ քաղաքականությունը, որի բնորոշ առանձնահատկությունը պետական ծախսերը ներքին ֆինանսական ռեսուրսներով ապահովելն է: Ըստ այդմ, առաջիկա տարիներին պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացումը՝ հիմնականում ի հաշիվ հարկային (այդ թվում՝ մաքսային) վարչարարության բարելավման, կլինի հարկաբյուջետային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:
Փաստաթղթի համաձայն, 2008-2010թթ. միջնաժամկետ ծրագրում կպահպանվի սոցիալական ոլորտի՝ կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության միջնաժամկետ ծախսային գերակա վիճակը: Կշարունակվեն պետական ներդրումները տրանսպորտի և կապի, քաղաքաշինության, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բնապահպանության և այլ ոլորտներում: Համապատասխան քայլեր կձեռնարկվեն տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ապահովվածության բարելավման ուղղությամբ: