չորեքշաբթի, 25 ապրիլի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և ՀՀ կառավարության անունից ցավակցություններ է հայտնել ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի մահվան կապակցությամբ: Այդ նպատակով դեսպանատանը բացված գրառումների մատյանում ՀՀ վարչապետը, մասնավորապես, գրել է. «Խոր վշտով և ափսոսանքի մեծ զգացումով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Նիկոլաևիչ Ելցինի մահվան մասին: Նա նոր, ժողովրդավարական Ռուսաստանի ակունքների մոտ կանգնած անձնավորություն էր և անցած հարյուրամյակի 90-ական թվականների ականավոր գործիչներից մեկը, ով իր պայծառ և հիշարժան հետքն է թողել պատմության մեջ:
Հայաստանում բոլորն էին սիրում և հարգում Բորիս Նիկոլաևիչին: Նա մեծ ավանդ է ներդրել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ՝ մեր ինքնիշխան և անկախ պետությունների ձևավորման սկզբնափուլում, երբ ստեղծվում էր այն ամուր հիմքը, որի վրա այսօր հենվում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից խորապես ցավակցում եմ բոլոր ռուսաստանցիներին ծանր կորստի կապակցությամբ և խնդրում եմ իմ զորակցությունն ու ցավակցությունը փոխանցել Բորիս Նիկոլաևիչի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»: