ուրբաթ, 2 նոյեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կրթության և գիտության նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Էդուարդ Ղազարյանին՝ ոլորտի բարեփոխումների, կառավարության գործունեության ծրագրով նախատեսված կրթության և գիտության բնագավառի քաղաքականության իրագործման ուղղությամբ գործադրած ջանքերի համար և նշեց, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատված նախարարը ոլորտում կշարունակի իր գործունեությունը, քանի որ մտադիր է անցնել նախկին աշխատանքին, զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ:
Նոր նշանակված նախարար Լևոն Մկրտչյանին վարչապետը նախընտրեց հանգամանորեն չներկայացնել, նկատի առնելով, որ նա մինչ այդ զբաղեցրել է այդ պաշտոնը. նախարարությունում, որտեղ կադրային մեծ փոփոխություններ չեն եղել, նրան շատ լավ ճանաչում են: Լևոն Մկրտչյանի նշանակման հարցում, Անդրանիկ Մարգարյանի հավաստմամբ, հաշվի են առնվել նրա մասնագիտական ունակություններն ու փորձը: Վարչապետը կարևորեց կրթության և գիտության ոլորտում սկսված բարեփոխումների շարունակելիությունը, որին նախարար Մկրտչյանը քաջատեղյակ է ինչպես այս պաշտոնում աշխատած ժամանակից, այնպես էլ կառավարությունում իր գործունեության շրջանից:
Էդուարդ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին և նախարարության աշխատակիցներին՝ պաշտոնավարման ընթացքում սատարելու և համագործակցության համար: Նա հաջողություն մաղթեց նորանշանակ նախարարին՝ ծանրաբեռնված և լարված աշխատանքում:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վստահության համար շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին, վարչապետին և նախարարության աշխատակիցներին՝ հավաստիացրեց, որ կշարունակի ծրագրված քաղաքականության շրջանակներում ոլորտի բարեփոխումները: Խնդիրները, ըստ նախարարի, շատ են և միշտ չէ, որ հնարավոր է դրանք արագորեն լուծել, սակայն համագործակցված աշխատանքի արդյունքում քայլ առ քայլ հնարավոր կլինի առաջ գնալ և հաջողության հասնել:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորեց նորանշանակ նախարարին և հաջողություններ մաղթեց նախկին ու ներկա նախարարներին: