ուրբաթ, 27 ապրիլի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Երևան քաղաքի ցեղասպանության թանգարանի սանհանգույցների վերանորոգման», «Օժանդակություն ԼՂՀ Վանք գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցմանը», «Ամենամյա հոգաբարձուների նիստի համար նյութերի պատրաստման» և «Սևանա լճի ափին առագաստային մարզաձևերի սպորտային բազայի կառուցման», «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Շիրակի մարզի Կրաշեն գյուղի դպրոցի կիսակառույց մարզադահլիճի և սանհանգույցների կառուցում» ծրագրերը:
Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «ՀՀ փախստականների կենսական պայմանների բարելավում» ծրագրի նպատակն է ՀՀ տարածքում վագոն-տնակներում բնակվող 70 փախստական ընտանիքներին (բացառությամբ Երևան քաղաքի) ապահովել առանձնատներով:
«Վոլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Սիսիանի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում Հալիձոր գյուղի մանկապարտեզի վերանորոգում, Շինուհայր գյուղի մանկապարտեզի տանիքի վերանորոգում, Քարահունջի մանկապարտեզի տանիքի վերանորոգում և Հարժիս համայնքի մշակույթի տան վերանորոգում», «Բարձունք 5165» ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Վարդենիս-13» ատամնաբուժական դիսպանսեր ծառայություն», Միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից ՀՀ Լոռու մարզում եվ Երևան քաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը ևս:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: