հինգշաբթի, 3 մայիսի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ, վարչապետը կառավարության անդամների ուշադրությունն է հրավիրել երկու փաստի վրա. առաջինը կապված է նախորդ օրը Աղստև գետի վարարման հետևանքով հեղեղված ափամերձ մի քանի տների խնդրի հետ, որի վերաբերյալ վարչապետը նշել է, որ տուժած բնակիչներին հնարավոր օգնություն տրամադրելու հարցի քննարկման ժամանակ պարզվել է՝ անցյալ տարի կառավարությունը զգալի գումարներ է հատկացրել բնակիչների տեղափոխման համար, ընդ որում՝ նրանց մի մասի հետ պայմանագրեր են կնքվել, բայց բնակիչները շարունակել են ապրել նույն տեղում: Եվ այդ հանգամանքը, ցավոք, ըստ վարչապետի, մինչ այժմ որևէ մեկին չի հետաքրքրել ու հիմա նորից կառավարությունն ստիպված է այդ մարդկանց օգնություն ցուցաբերել, կրկին անդրադառնալ նույն խնդիրներին: Սերժ Սարգսյանն անթույլատրելի է համարել նման մոտեցումը. «Եթե մենք որոշումներ ենք կայացնում, ուրեմն մեր որոշումները պետք է իրականացնենք: Քաղաքաքացիները, մեր բնակիչներն ունեն բոլոր իրավունքները մեզնից ակնկալելու օգնություն: Բայց մյուս կողմից էլ նրանք պարտավոր են կատարել կառավարության որոշումը: Գումարը, եթե ստացել են, ապա այդ տունը պետք է քանդվեր: Հակառակ պարագայում, ամեն տարի այդքան գումար հատկացնելով, ինչի՞ կարող ենք հասնել»,- ընդգծել է վարչապետը, հավելելով, որ միայն Աղստև գետի հունի մաքրման աշխատանքների համար անցյալ տարի հատկացվել է 105 մլն-ից ավելի գումար:
Վարչապետն անդրադարձել է նաև քաղաքացիների նամակներին, առաջարկություններին, դիմումներին պետական պաշտոնյաների կողմից արձագանքելու խնդրին. «Հանդիպումների ժամանակ, բնականաբար, շատ նամակներ ենք ստանում՝ խնդրանքներ, բողոքներ, առաջարկություններ, և շատ օպերատիվ կերպով կառավարության աշխատակազմում այդ նամակները քննության են առնվում», -նշել է նա, ավելացնելով, որ, պարզվում է, այդ նամակների նկատմամբ, որոնք ուղարկում են համապատասխան գերատեսչություններ, չինովնիկական, բյուրոկրատական մոտեցում է ցուցաբերվում: Հաճախ, դիմող քաղաքացիներին պատասխանվում է, թե ձեր խնդիրը մեր լիազորությունների շրջանակում չէ՝ դիմեք համապատասխան մարմիններին. «Ի՞նչ է ստացվում՝ մարդիկ դիմում են կառավարություն, որպեսզի մի պատասխան ստանան, իսկ մի չինովնիկ վերցնում գրում է, թե դա մեր լիազորությունը չէ, մի անգամ էլ գրիր»:
Նման վերաբերմունքը բացառելու համար վարչապետը կարևորել է այդ գործընթացի նկատմամբ կրկնակի հսկողություն սահմանելու հարցը, ըստ որի քաղաքացիների նամակներին տրվող պատասխանների մասին պետական պաշտոնյաները նախ պետք է տեղեկացնեն կառավարությանը, ապա նոր միայն քաղաքացիներին:
Այնուհետև անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը, կառավարությունը որոշել է 2007թ. իր պահուստային ֆոնդից 108 մլն 500 հազար դրամ հատկացնել ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ Ջանֆիդա և Մարգարա համայնքների տարածքում Արաքս գետի ափերի ամրացման աշխատանքներ իրականացնելու համար: Կարևորվել է աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանելը:
Գործադիրը հավանություն է տվել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին: Նշվել է, որ միջոցառումների իրականացումը կնպաստի ոլորտին առնչվող հիմնախնդիրների համակարգմանն ու կանոնակարգմանը, ազգային մշակույթի ոչ նյութական ձևերի հանդեպ հարգանքի մթնոլորտի ձևավորմանը, դրանց օրինաչափ զարգացմանը, համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորմանը, պայմաններ կստեղծի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության համար:
Մեկ այլ որոշմամբ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին: Մասնավորապես, հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել վարորդական վկայական (ազգային ու միջազգային) ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու համար անձի կողմից քննական մարմին ներկայացվող դիմումների, ժամանակավոր վարորդական վկայականի, տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթղթի, քննությունների արդյունքների հաշվառման մատյանի, ազգային և միջազգային վարորդական վկայականների տրման մատյանների ձևերը, ինչպես նաև դրանց լրացման ու պահպանման կարգը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. հունիսի 1-ից:
Գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ 2007թ. առաջին եռամսյակում մասնավորեցման գործընթացի վերաբերյալ հաշվետվությանը: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման են առաջարկվել հինգ ընկերությունների բաժնետոմսեր, մեկ առանձնացված գույք և լուծարումից հետո մնացած երկու ընկերության գույքային միավորներ: Մասնավորեցվել է չորս ընկերություն (նախորդ տարվա առաջին եռամսյակի ութի համեմատ), կնքվել է հինգ մասնավորեցման պայմանագիր: Մրցույթով մասնավորեցման է ներկայացվել երեք օբյեկտ, կայացել է դրանցից երկուսի մրցույթը (նախորդ տարվա առաջին եռամսյակի ութից չորսի համեմատ): Հաշվետու շրջանում աճուրդով մասնավորեցման ներկայացված երկու ընկերության բաժնետոմսերից կայացել է մեկի աճուրդը, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է մեկ օբյեկտ, որի գնորդի հետ կնքվել է պայմանագիր: Ոչ մի «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել, երեք ընկերություն լուծարվել է և մեկ ընկերություն սնանկ է ճանաչվել: Ընդհանուր առմամբ, ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 58 մլն 121.2 հազար դրամ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2006թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, համայնքներին է փոխանցվել 134, 750 հազար դրամ:
ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 965.3 հազար դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ՀՀ պետբյուջեի «Զբաղվածության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով 2007թ. հունվարի 1-ի դրությամբ գոյացած պարտքը մարելու նպատակով: Եվս 1 միլիոն 130.8 հազար դրամ է հատկացվել նախարարությանը՝ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագրի շրջանակներում մատակարարված համակարգչային և այլ տեխնիկայի մաքսազերծման համար վճարված միջոցները հատուցելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 112 մլն 500 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ 2006-2007 ուսումնական տարվա հայոց լեզու և գրականություն առարկայից միջնակարգ կրթության պետական ավարտական և միասնական քննության թափանցիկությունն ապահովելու նպատակով միասնական քննական կենտրոնների տեսահսկման ու տեսագրման համակարգի ներդրման նպատակով:
ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, կառավարությունը սահմանել է դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման վճարման կարգը: Որոշման համաձայն, նշված աշխատողներին գործատուի կողմից (նաև պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորման դեպքում) տրանսպորտային միջոց, ճամբարային վրան կամ անվճար գիշերելու վայր չտրամադրվելու դեպքում, հատուցվում են նաև աշխատողի կողմից կատարվող տրանսպորտային և գիշերավարձի ծախսերը՝ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ հաստատված կարգով և չափերով: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1993թ. օգոստոսի 10-ի N 418 որոշումը:
Նիստում գործադիրը հաստատել է նաև ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը՝ ՀՀ տարածքում կարգավորող վերահսկողությունից դուրս գտնվող ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման, վնասազերծման, ինչպես նաև ՀՀ մաքսային սահմանով դրանց անօրինական տեղաշարժը կանխելու նպատակով:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը՝ ըստ արտադրության ոլորտների: Սահմանվել է, որ հիշյալ ժամանակացույցի դրույթները տարածվում են սննդի շղթայի փուլերում ներգրավված 10-ից ավելի, իսկ 2015թ. հունվարի 1-ից՝ 5 և ավելի աշխատակիցներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների վրա:
ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 12-ի N1637-Ն որոշմամբ հաստատված «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշվի սպասարկման» կարգի համաձայն, գործադիրը հաստատել է հատուկ հաշվի կառավարման խորհրդի հայկական կողմի կազմը: Դրանում ընդգրկվել են ՀՀ տարածքային կառավարման, էներգետիկայի, ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման, բնապահպանության նախարարները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը: Մասնավորապես, սահմանվել է, որ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, խորհուրդը հաստատում է նաև իր աշխատակարգը:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել համապատասխանաբար 357 մլն դրամով: ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և լրացում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել՝ ՀՀ-ի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի նախապատրաստման» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում հայկական կողմից ընդհանուր ծախսերի 25 տոկոսի չափով համաֆինանսավորումն ապահովելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն 748.5 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ 2007թ. սպտեմբերի 10-15-ը Անկարայում կայանալիք արևելագետների 38-րդ գիտաժողովին ՀՀ ԳԱԱ արևելագիտության և արվեստի ինստիտուտների 6 գիտաշխատողի մասնակցությունն ապահովելու նպատակով: Նշված գումարի հատկացման մասով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային:
Ընդունված որոշումներից մեկը վերաբերել է ակնագործության ու ոսկեգործության զարգացման գործակալության կանոնադրության հաստատմանը:
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը հաստատելու մասին» N 1927-Ն որոշման մեջ՝ որոշ դրույթների ճշգրտման և կատարելագործման նպատակով:
Գործադիրը որոշում է ընդունել նաև «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը նախատեսված 10 մլն 304.5 հազար դրամի բաշխման՝ այն «ՀՀ միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիր» պարբերականի հրատարակմանը տրամադրելու մասին:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի N 9 հասցեում գտնվող՝ «Երևանի ֆինանսատնտեսագիտական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ուսումնական շենքային համալիրի՝ 1763.6քմ ընդհանուր մակերեսով ձախակողմյան երկու երկհարկանի մասնաշենքերը և 247.5 քմ ընդհանուր մակերեսով երկու պահեստները հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի N3 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին: ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 10 մլն դրամ է տրամադրվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ «Երևանի N3 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շարժական գույքի տեղափոխման աշխատանքները կազմակերպելու և որոշմամբ ամրացվող գույքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Ձորաղբյուրի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲԸ-ի լուծարման մասին: Մասնավորապես, հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին՝ ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ: