Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 մայիսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչև օրակարգային հարցերին անցնելը, վարչապետը նիստի մասնակիցներին տեղեկացրել է գետերի գարնանային հեղեղումների հետևանքով, մասնավորապես, Արարատյան դաշտավայրի ու Գավառի մի շարք բնակավայրերում ճանապարհներին ու բնակարաններին հասցված վնասների մասին: Սերժ Սարգսյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վնասված բնակարանների կամ այլ շինությունների որոշ մասը կառուցված է առանց օրինական թույլտվության: Վարչապետն ընդգծել է, որ այսուհետ անհրաժեշտ է առավել մեծ սկզբունքայնություն հանդես բերել նման երևույթների նկատմամբ և խիստ միջոցներ ձեռնարկել անօրինական շինարարությունները կանխելու ուղղությամբ, մանավանդ որ դրանք, ըստ նրա, որոշակի վտանգ են պարունակում:


Այնուհետև, անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը, կառավարությունը որոշել է 2007թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 670 մլն 252.7 հազար դրամ՝ ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում 2007թ. գարնանային հեղեղումների հետևանքով քանդված ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման նպատակով: Որոշման համաձայն, հիշյալ գումարից 650 մլն 752.7 հազար դրամը կհատկացվի ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների իրականացմանը, իսկ 19 մլն 500 հազար դրամը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը: Հանձնարարվել է շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին՝ խիստ վերահսկողություն սահմանել հատկացված միջոցների ծախսման և աշխատանքների հիմնավոր ու որակյալ իրականացման նկատմամբ:


Կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2007թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը սահմանել 120 մլն խմ: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ բնապահպանության նախարարին և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին: Վերջինիս հանձնարարվել է, մասնավորապես, Հրազդան գետի բնական ելքերի փոփոխման և Ապարանի ջրամբարից Արզնի-Շամիրամ ջրանցքի համար նախատեսված դոտացիայի անհնարինության դեպքում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշմամբ սահմանված՝ Սևանա լճից 2007թ. ոռոգման շրջանում ջրի բացթողման չափաքանակը համապատասխան փոփոխության ենթարկելու համար:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անունով բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից 39 մլն 702.3 հազար դրամի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը: Նշված գումարից 14 մլն 167.5 հազար դրամը, որպես ֆինանսական օգնություն, կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանի կառուցման, տեղադրման և բարեկարգման աշխատանքներին օժանդակելու նպատակով: 8 մլն 900 հազար դրամ կտրամադրվի «Ժամանակակից արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի շենքի վերանորոգման աշխատանքների, 7 մլն դրամ՝ Հրազդան գետի հունի մաքրման աշխատանքների, ևս 7 մլն դրամ՝ Իսակովի պողոտային հարող տարածքների ցանկապատերի վերակառուցման նպատակով շինարարական նյութերի ձեռք բերման, 2 մլն 634.8 հազար դրամ՝ Երևանի N125 դպրոցի ջրագծի վերակառուցման աշխատանքների իրականացմանը:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին, 3 մլն 860.9 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի հուշարձանի պատրաստման և Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրման համար:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը հաստատել է «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները»: Որոշման համաձայն, հողամասի, շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանն իր անունից կատարել գործողություններ՝ առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույտվության անշարժ գույքի տարածք մուտք գործելը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել և ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայողներին տրամադրել որոշմամբ հաստատված կարգի ու պայմանների կիրառման մասին մեթոդական ուղեցույց տիպաբանական ձեռնարկը:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 123 մլն 466.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ «Փրոջեքթ Հարմոնի» ՀԿ-ի միջոցով Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման և համակարգչային սարքավորումների պահպանման աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով: Որոշման համաձայն, նշված հատկացումը դրամաշնորհի տեսքով, որպես նվիրաբերություն, կտրամադրվի «Փրոջեքթ Հարմոնի» ՀԿ-ին՝ առանց մրցույթի անցկացման, այդ կազմակերպության և ՀՀ ԿԳ նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին իր սեփականությունը հանդիսացող 21 տարբեր անվանումով հիմնական միջոցներ հանդիսացող բժշկական սարքավորումները և 33 անվանումով ու 1571673.0 դրամ արժողությամբ և 194 անվանումով ու 28120565.0 դրամ արժողությամբ դեղորայքը նվիրաբերել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին:


Մեկ այլ որոշմամբ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մասիսի նրբ. N99/3 շենքի առաջին հարկի N25՝ 34.6 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով հիշյալ բարեգործական կազմակերպության դերը և նշանակությունը միայնակ տարեց բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու հարցում:


Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 23-ի «ՀՀ որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N524-Ն որոշման մեջ, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի որակի տեսչության կառուցվածքում ստեղծվել է շուկայի մոնիտորինգի, վերլուծության և տեղեկատվության բաժին, հաշվառման բաժինը վերանվանվել է ծրագրավորման և հաշվառման ամփոփ բաժին: Որոշվել է նաև միավորել արտադրանքի, ծառայությունների և չափագիտական վերահսկողության բաժինը և Երևան քաղաքի վերահսկողության բաժինը՝ ստեղծելով տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների վերահսկողության բաժին և չափագիտական նորմերի ու կանոնների վերահսկողության բաժին:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 6-ի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին» N1807-Ն որոշման մեջ՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովելու, ինչպես նաև ՀՀ ամբողջ տարածքում գործող կազմակերպությունների կողմից՝ համաձայն հատկացված թույլտվությունների հաճախականությունների նպատակային կիրառման նկատմամբ տեխնիկական հսկողություն և հատկացված հաճախականությունների տեխնիկական սպասարկում ապահովելու նպատակով:


Որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 20-ի «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N247-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարմանը, որոնք բխում են դատաիրավական բարեփոխումների շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցի պահանջներից:


Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 10-ի N837 որոշման մեջ, որով բարձրացվել են հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը, ինչը նախատեսված է ՀՀ 2007-2009թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, ինչպես նաև ՀՀ 2007թ. պետական բյուջեով: Որոշմամբ սահմանվել են նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը՝ հաշվի առնելով, որ դրանք որևէ իրավական ակտով կարգավորված չեն:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին, ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության «Էկոսերվիս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող Ծովինար լճի վրա գտնվող 569.02 քմ մակերեսով և 89 հազար 601 դրամ հաշվեկշռային արժեքով պանսիոնատով (Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Վերին Աղբյուրակ թաղամաս) և գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռք բերված գույքը մասնավորեցնել մրցույթով: Նույն որոշմամբ «Գորիսի տնկարան» պետական ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացվել են 28 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում գտնվող բազմամյա տնկարկները և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց հանձնվել Խնձորեսկի գյուղական համայնքին: Գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ իր տնօրինության Երևան քաղաքի Զաքիյան 10 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 99.6 քմ մակերեսով և շուկայական մեթոդով 19 մլն 919 հազար գնահատված արժեքով ոչ բնակելի տարածքն օտարել աճուրդով:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ