երեքշաբթի, 15 մայիսի 2007
Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է մի շարք խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման մրցույթներին ներկայացված տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները, խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթների արդյունքներն ու առաջարկի ներկայացման հրավերները, ընթացիկ այլ հարցեր:
«ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Բնապահպանական և սոցիալական գնահատում և վերահսկողություն» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման մրցույթի վերաբերյալ նշվել է, որ առաջարկների ուսումնասիրության արդյունքում, գնահատող հանձնաժողովն առաջարկել է ֆինանսական առաջարկների բացմանը հրավիրել նշված վերջնաժամկետում տեխնիկական առաջարկներ ներկայացրած երկու ընկերությունների, որոնց տեխնիկական առաջարկներն ստացել են յուրաքանչյուր գնահատման չափանիշով սահմանված որակավորման նվազագույն միավորից բարձր գնահատական:
«Ոռոգման 6 ինքնահոս համակարգերի կառուցման նպատակով վերջնական նախագծման և կառուցման վերահսկողություն» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման մրցույթին՝ նշված վերջնաժամկետում, տեխնիկական և ֆինանսական առաջարկներ են ստացվել կարճ ցուցակում ընդգրկված 4 ընկերություններից/կոնսորցիումներից: Տեխնիկական առաջարկների ուսումնասիրության արդյունքում, գնահատող հանձնաժողովն առաջարկել է բոլոր այդ ընկերություններին հրավիրել ֆինանսական առաջարկների բացմանը:
«Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանման կատարման վրա հիմնված գործող համակարգի վերանայում և բարելավում» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման մրցույթին՝ սահմանված վերջնաժամկետին, տեխնիկական և ֆինանսական առաջարկներ ներկայացրած բոլոր 4 ընկերություններն էլ՝ ըստ գնահատող հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների, հրավիրվել են ֆինանսական առաջարկների բացմանը:
Ոռոգման 8 ինքնահոս համակարգերի նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցույթի վերաբերյալ նշվել է, որ սահմանված վերջնակաժամկետում շահագրգռվածության ցուցաբերման հայտեր ներկայացրած 6 ընկերություններից/կոնսորցիումներից՝ գնահատման արդյունքում, կարճ ցուցակում ընդգրկվել է 5-ը:
«ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կառուցվածքային ամրապնդում» խորհրդատվական ծառայությունների մատուցման նախաորակավորման մրցույթին՝ սահմանված վերջնաժամկետում, շահագրգռվածության ցուցաբերման հայտ ներկայացրած 16 ընկերություններից/կոնսորցիումներից, գնահատման արդյունքում, կարճ ցուցակում ընդգրկվել է 10-ը:
Նշվել է, որ հիշյալ մրցույթների գնահատման արդյունքները կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:
Նիստում՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից արված դիտողությունների հիման վրա, փոփոխություններ են կատարվել կառավարման խորհրդի կողմից 2007թ. մարտի 16-ին հաստատված գնումների պլանում:
Կառավարման խորհուրդը քննարկել և որոշում է ընդունել նաև նախորդ նիստի հանձնարարականների, մասնավորապես, «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհների վերականգնման ծրագրի հետ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ճանապարհային բաղադրիչի համադրման արդյունքում որոշակի ճանապարհահատվածների վերանայման վերաբերյալ: Ներկայացվել են երկու ծրագրերի համընկնող հատվածների և «Լինսի» ծրագրից դուրս մնացած ճանապարհահատվածների վերաբերյալ առաջարկություններն ըստ մարզերի և ճանապարհների: Ներկայացված չորս մարզերում՝ Շիրակ, Արագածոտն, Լոռի, Արմավիր, «Լինսի» հիմնադրամի և ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցների արդյունքում, ընդհանուր առմամբ, «ՀՄՀ-Հայաստան» ծրագրից կհանվի 27.6 կմ՝ նկատի առնելով, որ այդ ճանապարհահատվածներն արդեն իսկ նախատեսված են վերոնշյալ ծրագրով: