հինգշաբթի, 8 նոյեմբերի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը որոշում կայացրեց պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում չափաբաժինների հավաքագրման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքի կազմակերպման մասին, որի նպատակն է այդ չափաբաժինների հավաքագրման և նշված միջոցները պետբյուջե ուղղելու գործընթացի կանոնակարգումը: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջով գործադիրը հաստատեց քաղաքաշինության բնագավառի գործունեությունների լիցենզավորման կարգը և այդ գործունեությունների իրականացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը:
Ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի հիշատակը հավերժացնելու և նրա գործունեությունը հասարակության լայն շրջաններում տարածելու, լուսաբանելու նպատակով՝ կառավարությունն ստեղծեց ՀՀ քաղաքաշինության նախարարության «Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտ» պետական հիմնարկ:
Կառավարությունը քննարկեց և համաձայնություն տվեց «ԱՊՀ մասնակից պետություններ ներմուծվող պոտենցիալ վտանգ ներկայացնող արտադրանքի հիգինիկ գնահատման փոխադարձ գործունեության կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը և դրանից բխող՝ «Բնակչության առողջության պահպանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» արձանագրության կնքման առաջարկությանը:
«Ագրարային պետական տեսչությունների մասին» օրենքի համապատասխան, գործադիրը որոշեց հողային պետական տեսչական իրավասությունները մարզերում (Երևան քաղաքում) վերապահել համապատասխան մարզպետներին (Երևանի քաղաքապետին):
Կառավարությունը հաստատեց «Տեղեկատվության և հեռուստառադիոհաղորդումների պահպանման և արխիվացման գծով պետական պատվեր» ծրագիրն ու հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պահպանման ծախսերը (22 մլն 500 հազար դրամ); ինչպես նաև հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստման գծով պետական պատվերի թեմատիկ ուղղությունները՝ դրանց համար նախատեսելով համապատասխանաբար 177 մլն 511 հազար 500 դրամ և 146 մլն 162 հազար դրամ գումար:
ԱՊՀ պետությունների հետ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման, ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության կանոնադրական խնդիրների իրականացման և ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կառավարության կողմից՝ Հայաստանում ռուսական համայնքների պահպանման ու միգրացիոն հոսքերի կարգավորման նպատակով որոշվեց ստեղծել «Երևան - Մոսկվա առևտրա - արդյունաբերական կենտրոն հիմնադրամ»:
Կառավարությունը, մեկ այլ որոշմամբ, հավանություն տվեց «ՀՀ կառավարության և Կիպրոսի հանրապետության կառվարության միջև ռազմական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Գործադիրը որոշում կայացրեց նաև ՀՀ ՊՆ, ԱԱ, ՆԳ և կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման մասին:
Այսօրվա նիստում կառավարությունը քննարկեց նաև հարկային ոլորտում վարչարարության արդյունավետության բարձրացմանն ու հարկային դաշտի կայունացմանն ուղղված մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարությունն այն ընդունեց՝ 3 օր ժամկետ տալով առաջարկված խմբագրական աշխատանքների և նոր առաջարկների ներգրավման համար: Մինչև փաթեթը ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելը՝ կարևորվեց խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների հետ համագործակցությունը: