հինգշաբթի, 17 մայիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայ երգարվեստի ականավոր դեմքերից մեկի՝ աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում ՀՀ կառավարության և անձամբ իր անունից խոր վշտակցություն է հայտնել նրա հարազատներին, մերձավորներին և նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին. «Ցավով ընդունեցի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի մահվան գույժը:
Գոհար Գասպարյանը, լինելով հայ դասական և օպերային երգարվեստի դպրոցի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը, հիրավի կերտել է փայլուն ստեղծագործական կենսագրություն: Երգչուհու կատարումները համընդհանուր ճանաչում և հեղինակություն են բերել ոչ միայն իրեն, այլև հայ երգարվեստին ու մեր Հայրենիքին: Կորստի այս ծանր պահին, խնդրում եմ, ընդունեք ՀՀ կառավարության և իմ ցավակցություններն ու զորակցությունը»,- ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում:
***
Հայ մեծանուն երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ:
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Գոհար Գասպարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 18-ին, ժամը 18:00-ից, Բաղրամյան 50 Բ, 2-րդ մուտք, բն. 20 հասցեում:
Մայիսի 19-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, ժամը 12:00-14:00-ը տեղի կունենա վերջին հրաժեշտը մեծանուն երգչուհուն: Հուղարկավորության արարողությունը կկայանա ժամը 15:00-ին՝ Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում: