ուրբաթ, 9 նոյեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբբաս Ալ-Բադրիին:
Վարչապետը հույս հայտնեց, որ երկուստեք դեսպանությունների բացումից հետո, ժամանակն է ակտիվացնել երկու երկրների հարաբերությունների սերտացմանն ուղղված աշխատանքները, մանավանդ, որ բարեկամական կապերը երկու ժողովուրդների միջև նաև պատմությամբ են ամրագրված: Այդ առումով, Անդրանիկ Մարգարյանը նշեց Իրաքի ժողովրդի բարյացկամ վերաբերմունքը դարասկզբի հայոց ցեղասպանության հետևանքով այդ երկրում ապաստան խնդրած մեր հայրենակիցների նկատմամբ:
Ըստ վարչապետի, Հայաստանը, գտնվելով Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խաչմերուկում՝ ձգտում է կառուցողական հարաբերություններ հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Արաբական երկրների և Իրանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ տեղ է գրավում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ: Իրաքի համագործակցության զարգացումը մասնավորապես Սիրիայի և Իրանի հետ, ըստ վարչապետի, Հայաստանի համար հաղորդակցության նոր ուղիների հաստատման հույս են ներշնչում և կարող են փոխշահավետ լինել:
Անդրանիկ Մարգարյանը կարևորեց հայ և իրաքցի գործարարների փոխգործակցության առաջին քայլերը՝ հայ գործարարների այցը Իրաք, միմյանց հնարավորություններին ծանոթանալն ու համագործակցության որոշակի համաձայնությունները: Տնտեսականից բացի, վարչապետը գործակցության մեծ ներուժ է տեսնում նաև մշակութային, կրթական, գիտական ոլորտներում: Հանդիպման ընթացքում Անդրանիկ Մարգարյանը հակիրճ ներկայացրեց նաև ղարաբաղյան հակամարտության լուծման ներկայիս գործընթացը, ընդգծելով, որ այն ոչ թե կրոնական բնույթի հակամարտություն է, որով Ադրբեջանը փորձում է իսլամական երկրները հակադրել Հայաստանին, այլ սեփական հողի վրա ապրող ժողովրդի ազգային ազատագրական պայքար:
Հայաստանի Հանրապետությունում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Աբբաս Ալ-Բադրին ևս հավաստեց իր երկրի ցանկությունն ու պատրաստակամությունը Հայաստանի հետ կապերի սերտացման գործում, նշելով, որ այդ դեպքում մեր երկիրը կարող է օգտվել Իրաքի ունեցած հնարավորություններից, ինչպես վարվում են այդ երկրին սահմանակից և ոչ սահմանակից շատ երկրներ:
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվեց վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև հարաբերությունների զարգացման գործընթացում նկատվող պասիվության պատճառները պարզելն ու դրանք վերացնելը: