ուրբաթ, 18 մայիսի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. ՏերՍիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 9 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն ԼՂՀ Հադրութ քաղաքի ջրագծի կառուցման և խորքային հորերի վերականգնման աշխատանքներին», «Երևան քաղաքի թիվ 1 տուն-ինտերնատի ննջարանային համալիրի N1 մասնաշենքի 1, 2 և 3 հարկերի վերանորոգման աշխատանքների», «Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի «Բ» մասնաշենքի 3-րդ, 4-րդ հարկերի վերանորոգման աշխատանքների», «ՀՀ Տավուշի մարզի Խաշտարակ գյուղի միջնակարգ դպրոցի մասնաշենքերի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման, մշակույթի տան հիմնանորոգման և արդիականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և ամբուլատորիայի մասնաշենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման», Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից 2007-2008թթ. իրականացվող դրամաշնորհային ծրագրերը:
ԼՂՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից իրականացվող «Ջրամբար Խաչեն գետի վրա» օբյեկտի նախագծային աշխատանքների» ծրագրի նպատակն է բարձրացնել Առաջաձոր ենթաշրջանի ոռոգվող հողերի բերքատվությունը, իսկ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Զեյթուն- 7» ծրագրի նպատակն է հիմնանորոգել Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 7 մանկապարտեզի 3 մասնաշենքերը, կառուցել ջեռուցման համակարգ, կաթսայատուն, խոհանոցային նոր մասնաշենք և կահավորել՝ այն, բարելավելով մանկապարտեզի 120 սաների ու 20 աշխատողների սոցիալ-կենցաղային պայմաննները:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: