չորեքշաբթի, 23 մայիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա՝ Յալթա ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Օլեգ Եսայանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, ՀՀ կառավարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:
Խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, նախատեսվում է քննարկել և որոշումներ ընդունել ԱՊՀ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման, կեղծված դեղամիջոցների շրջանառության դեմ պայքարում, ֆիզիկական կուտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության, ԱՊՀ-ում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության և անձնակազմի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման մասին համաձայնագրերի, ԱՊՀ երկրների տարածքում թռչնի գրիպի ներթափացումը և տարածումը կանխարգելելու ուղղությամբ համատեղ համալիր միջոցառումների, 2008-2010թթ. հանցավորության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց նախատարրերի (պրեկուրսորների) դեմ համատեղ պայքարի միջոցների միջպետական ծրագրերի նախագծերի մշակման, ինչպես նաև կրթական, ֆինանսական, կազմակերպչական և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Նիստի ավարտին նախատեսվում է նաև ամփոփիչ փաստաթղթերի ստորագրում և ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս: