երեքշաբթի, 13 նոյեմբերի 2001
Այսօր տեղի ունեցավ Զարգացման հայկական գործակալության խորհրդի նիստ, որը վարեց ՀՀ վարչապետ, ԶՀԳ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվեցին նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը և դեկտեմբերի 10-14-ը Մոսկվայում անցկացվելիք ԱՊՀ հիմնադրման 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված հարցեր:
ԶՀԳ-ի գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը ներկայացրեց ցուցահանդեսի հայկական տաղավարի նախապատրաստական աշխատանքներն ու դեռևս չլուծված խնդիրները: Ըստ նրա, նախատեսված միջոցառումների իրականացումն ընթանում է կազմված ժամանակացույցին համապատասխան: Ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ուղարկվել արդյունաբերական արտադրության տարբեր ոլորտները ներկայացնող 230 կազմակերպության, մասնակցության հայտ է ներկայացրել 37-ը, որոնց հետ պայմանագրերն արդեն կնքված են: Դրանց թվում են «Երևանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Արմենմոտոր», «Ստեկլոմաշ», «Կոննեկտ» և այլ ձեռնարկություններ: Միացյալ տաղավարներ կզբաղեցնեն Արդյունաբերողների միության ներկայացրած 6 և Յու-Էս-Դի-Էյ ՄԱՊ (USDA MAP) կազմակերպության ներկայացրած 13 ձեռնարկությունները: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության տաղավարի տարածքը կկազմի 150 քմ: Պատրաստվում են ցուցահանդեսին վերաբերող տեղեկատվական նյութերը՝ բիզնես ուղեցույցներ, պրակներ, կատալոգներ, կազմակերպվել է ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք սեմինարի նյութերի և «Հայաստանի ներդրումային միջավայրը» թեմայով զեկույցը, ավարտվել են ցուցահանդեսային տաղավարի նախագծման աշխատանքները:
Քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարականներ տվեց ծագած որոշ ֆինանսական և այլ խնդիրների վերաբերյալ՝ աշխատանքների ընթացքը, ընդհանուր առմամբ, գնահատելով բավարար: