հինգշաբթի, 24 մայիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:
Դեսպանը նախ շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ ս.թ մայիսի 12-ին ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև վարչապետի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Հայաստանի հետագա զարգացմանը և ժողվրդավարության ամրապնդմանը:
Դեսպան Ալեքսանդր Բոժկոյի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ-ի մոտեցումները կառավարություն ձևավորելու հարցում, նշելով, որ բանակցություններ են ընթանում քաղաքական ուժերի հետ՝ ի նպաստ մեր պետության խորհրդարանական և արտախորհրդարանական կարող ուժերին կառավարությունում ներգրավելու և ավելի մեծ վստահություն վայելող իշխանություն ձևավորելու ուղղությամբ:
Անդրադարձ է եղել նաև հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները կարևորել են ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ երկկողմ ջանքերի գործադրումը:
Ուկրաինայի դեսպանը ՀՀ վարչապետին է ներկայացրել նաև իր երկրի ներքաղաքական ներկայիս վիճակը, ինչպես նաև խոսել՝ Յալթայում մայիսի 25-ին տեղի ունենալիք ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվելիք հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին դեսպանը հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը ծառայեցնել հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը: