երեքշաբթի, 13 նոյեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակի ղեկավար Բրանիսլավ Զեկիչին:
Արձանագրելով երեխաների հիմնախնդիրների լուծման գործում միջազգային այդ կառույցի ներդրած ջանքերի արդյունավետությունը, վարչապետը հավաստեց, որ կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու գրասենյակի գործունեությանը
Բրանիսլավ Զեկիչը, շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին աջակցության համար, նշեց, որ իր գլխավորած գրասենյակը նախաձեռնել է առաջիկա հինգ տարիներին իրագործվելիք ծրագրերի մշակման աշխատանքները, որոնց ավարտը կհամընկնի 2002 թ. մայիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մանուկների հիմնախնդիրներին նվիրված նիստի անցկացման հետ: Մինչ այդ, սակայն, այս տարվա նոյեմբերի վերջին նիստի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար տարբեր երկրների ներկայացուցիչների հավաք կգումարվի Ստոկհոլմում: Այդ կապակցությամբ, ըստ պրն Զեկիչի, իրենք ակնկալում են Հայաստանի կառավարության օժանդակությունը ազգային հավաք կազմակերպելու և միջոցառումների ամփոփ ծրագիր մշակելու համար:
Պարոն Զեկիչը գոհունակությամբ տեղեկացրեց վարչապետին, որ երեխաների հիմնախնդիրների լուծման, մասնավորապես առողջապահության ու կրթության ոլորտներում իրականացվող բարեփոխումների տեսակետից Հայաստանը բավական առաջատար դիրք է գրավում այլ երկրների շարքում: Նա հույս հայտնեց, որ դժվարություններ չեն առաջանա նաև անչափահասների բարոյական դաստիարակությանը, նրանց աշխատանքի արգելմանը վերաբերող եվրոպական կոնվենցիաներին միանալու հարցում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ Հայաստանի կառավարությունը այսուհետ ևս աջակցելու է ոչ միայն նշված կոնվենցիաներին միանալու խնդրին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակի գործունեությանը, այլև ՄԱԿ-ի ու եվրոպական կազմակերպությունների հովանու տակ իրագործվող այն բոլոր ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանի ապագա քաղաքացիների, միջազգային չափանիշներով կրթված սերնդի դաստիարակությանը: