երկուշաբթի, 28 մայիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 89-րդ տարեդարձի կապակցությամբ: 1918թ. մայիսի 28-ին՝ դարերի ընդմիջումից հետո, հայոց անկախ պետականության վերականգնումն արդյունքն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակների, որոնք ձեռք բերվեցին մեր ժողովրդի ազատատենչ ոգու, բացառիկ համախմբվածության ու միասնության՝ կանոնավոր զորքերի հետ կողք-կողքի մարտնչող մեր աշխարհազորայինների, հոգևորականության, մտավորականության, մեր ժողովրդի բոլոր խավերի համազգային սխրանքի շնորհիվ: Մայիսյան այդ հերոսամարտերի դասերը՝ ժողովրդի մեջ անմար պահելով ազատության ու անկախության գաղափարը և փոխանցվելով սերնդե-սերունդ, իրենց նոր դրսևորումներն ունեցան նաև Արցախյան ազատամարտում, որի փառավոր դրվագներից մեկի՝ Շուշիի ազատագրման 15-ամյա հոբելյանը, հիրավի, համազգային շուքով նշեցինք այս տարի: Նորօրյա մեր հաղթանակների արդյունքում ծնված և աշխարհի քաղաքակիրթ երկրների հետ ներդաշնակ զարգացման ուղին ընտրած Հայաստանի Հանրապետությունն արդեն 16 տարեկան է: Համոզված եմ, որ նույնպիսի միասնականությամբ այսուհետ ևս շարունակելու ենք մեր ջանքերը ժողովրդավարական արժեքների վրա հիմնված մեր անկախ պետականութունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու, մեր բոլոր ձեռքբերումները պահպանելու և ամրապնդելու, համաշխարհային գործընթացներում մեր պետության արժանի տեղն ու դերն ապահովելու համար:
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հարատև խաղաղություն, ստեղծարար աշխատանք և ամուր հավատ մեր պետության վաղվա օրվա նկատմամբ: