չորեքշաբթի, 30 մայիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի և կառավարման նախարար Յանուշ Կաչմարեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ հայ-լեհական հարաբերություններն ակտիվ զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության շրջանակներում: Նա ընդգծել է, որ Հայաստանի համար եվրոպական ուղղությունն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և ԵՄ-ի հետ փոխգործակցությունը լայն հնարավորություններ է ստեղծում միության անդամ երկրների հետ ևս երկխոսությունը խորացնելու, գործնականորեն օգտագործելու Եվրոպական հարևանության քաղաքականության ընձեռած հնարավորությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը դիտարկում է Լեհաստանը՝ որպես հիմնական գործընկերներից մեկը և ձգտելու է ԵՄ անդամակցությամբ պայմանավորված, Լեհաստանի հնարավորություններն օգտագործել եվրոպական կառույցներին առավել սերտ ինտեգրման նպատակով՝ ակնկալելով նաև Լեհաստանի գործուն մասնակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում:
Լեհաստանի ՆԳ և կառավարման նախարարն իր խոսքում կարևորելով Հարավային Կովկասում Հայաստանի դերը, նշել է, որ Լեհաստանը սատարում է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ուրախ է ընդլայնվող համագործակցության համար և պատրաստակամ՝ մի շարք ոլորտներում լեհական փորձը ներկայացնելու, այն ներդնելու դեպքում՝ նաև աջակցելու: Նախարարը հանգամանորեն ներկայացրել է իր գլխավորած կառույցի գործունեության շրջանակներն ու գործառույթները:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, երկրի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացման ու գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրները կարևորելով, նպատակահարմար և օգտակար է համարել լեհական փորձը՝ վերոնշյալ ոլորտներում համապատասխան բարեփոխումների իրականացման նպատակով:
Հանդիպման ընթացքում կարևորվել է աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը, որի արդյունքում աշխատանքային խումբը մասնագիտորեն կուսումնասիրի կառուցվածքային, գործառութային և մնացած հարցերն ու գործնական աջակցության և համագործակցության առաջարկություններով այդ ամենը կներկայացնի կողմերին:
Սերժ Սարգսյանը խնդրել է այս մոտեցման մասին տեղեկացնել Լեհաստանի վարչապետին, և իր գործընկերոջ կողմից ևս հավանության արժանանալուց հետո, այն կյանքի կոչել:
Լեհաստանի ՆԳ և կառավարման նախարարը նաև շնորհավորել է վարչապետին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, որի մասին, ըստ նրա, վկայում են նաև միջազգային ամենատարբեր դիտորդական առաքելությունները: