Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 31 մայիսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Նիստում կառավարությունը որոշում է ընդունել ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին: Որոշումը բխում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքից և կայացվել է ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N1874-Ն որոշման համաձայն: Որոշումը նպատակ ունի ամրագրելու ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման չափորոշիչները տուն-ինտերնատներում, տնային պայմաններում, ցերեկային կենտրոններում: Չափաքանակներ են սահմանվել սննդի, հագուստի և անկողնային սպիտակեղենի, տնտեսական պարագաներով ապահովման, ինչպես նաև տարածքի ու տուն-ինտերնատների հաստիքների նկատմամբ: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չեն հաստատվել նման չափորոշիչներ և հաստատությունները ղեկավարվել են 1985թ. ԽՍՀՄ համանման չափորոշիչներով: Նոր չափորոշիչների սահմանումը կնպաստի ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների բերելավմանն ու որակի բարձրացմանը: Խնամքի տրամադրման չափորոշիչներ հաստատելը չափելի և վերահսկելի կդարձնի ծերերին ու հաշմանդամներին տրամադրվող խնամքի ու սոցիալական սպասարկման ծառայությունները, ինչը, բնականաբար, կանդրադառնա դրանց մատուցման մակարդակի վրա:


Որոշման ընդունումը կարևոր է նաև նրանով, որ արդեն ընդունվել է ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների լիցենզավորման կարգը և առանց հաստատված չափորոշիչների առկայության, անհնարին կլինի իրականացնել լիցենզավորման գործընթացը:


Մեկ այլ որոշմամբ, հաստատվել են մանկատանը (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները:


ՀՀ տարածքում 2007թ. գարնանային հեղեղումների հետևանքով քանդված միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և արհեստական կառուցվածքների վերականգնման համար կառավարության որոշմամբ 2007թ. ՀՀ պետական բյուջեից՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 1մլրդ 94մլն 700 հազ. դրամ, որից՝ ավտոմոբիլային ճանապահների և արհեստական կառուցվածքների վերականգնման շինարարական աշխատանքների համար 2007թ. առաջին կիսամյակում՝ 1030600.0 հազ.դրամ և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ու տեխնիկական հսկողության համար 2007թ. առաջին կիսամյակում՝ 64100.0 հազ. դրամ։


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. մարտի 20-ի N292-Ն որոշման մեջ: Նշվել է, որ քաղաքացիների ներկայացրած ոչ հավաստի տվյալներով փաստաթղթերի հիման վրա նշանակված գործազրկության նպաստի գումարները, օրենքով սահմանված կարգով, վերադարձվում և փոխանցվում են ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին: Այդ փոխանցումները հստակ իրականացնելու նպատակով «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությանն անհրաժեշտ է ունենալ ոչ հավաստի տվյալներով փաստաթղթերի հիման վրա նշանակված գործազրկության նպաստի վերադարձման և սոցապահովագրության հիմնադրամ փոխանցման արտաբյուջետային բանկային հաշիվ: Վերոնշյալով է պայմանավորված որոշման մեջ փոփոխություններ կատարելը:


Կառավարությունը որոշել է թույլատրել պետական գույքի կառավարման վարչությանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի տնօրինության 3 հատ տրանսպորտային միջոցները՝ որպես գույքի առանձին տարրեր, օտարել դասական աճուրդով: Նշվել է, որ այդ տրանսպորտային միջոցները ներկայումս գտնվում են տեխնիկապես անմխիթար վիճակում, ունեն 70 տոկոս և ավելի մաշվածություն, և դրանք շահագործելու համար պահանջվում են զգալի միջոցներ, ուստի նպատակահարմար է օտարելը:


Նիստում հաստատվել են Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումներ երկրորդ ծրագրի շրջանակներում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի վերակառուցման աշխատանքների կատարման համար 2007թ. ապրիլի 9-ին անցկացված ու ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2007թ. մայիսի 7-ին հաստատված մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ին:


Գործադիրը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի ապահովման համար, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մարզային բաժնի դեպոզիտ հաշվին փոխանցելու նպատակով որոշել է ՀՀ Արմավիրի մարզպետարանին 2007թ. երկրորդ եռամսյակում հատկացնել 5500.00 հազ. դրամ՝ ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:


Կառավարությունը որոշել է «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառման կարգը սահմանելու լիազոր մարմին ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:


Մեկ այլ որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված՝ Երևան քաղաքի Հ.Աճառյան N31 հասցեում գտնվող շենքային համալիրի 6018.2քմ ընդհանուր մակերեսով առաջամասը հետ է վերցվել և ամրացվել «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին՝ այն անհատույց օգտագործաման իրավունքով «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկին հանձնելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:


Նիստում կառավարությունը որոշել է սահմանել ռազմական ոստիկանության ծառայողի կողմից կիրառվող հատուկ միջոցների և զենքի տեսակների ցանկը:


«Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումները սահմանելու մասին» N2148-Ն որոշման մեջ ՀՀ կառավարությունը կատարել է լրացում, ըստ որի՝ ՀՀ ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, ոստիկանության «ավագ խմբի պաշտոնների» ցանկում նախատեսվում է «սպայական վաշտի հրամանատար» պաշտոնը:


Պաշտոնեական (ծառայողական) կացարանները` որպես բնակելի տարածքներ նվիրաբերելու մասին որոշմամբ, կառավարությունը Կոտայքի մարզպետարանի տնօրինության 207,0քմ ընդհանուր մակերեսով և 881,2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Ալափարս գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին, 253,76քմ ընդհանուր մակերեսով և 881,2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Արզական գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին, 323,0քմ ընդհանուր մակերեսով և 991,3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Բջնի գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին, 171,6քմ ընդհանուր մակերեսով 1359,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, «Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին 311քմ ընդհանուր մակերեսով և 1258,8 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, «Սոլակ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին, 715,4քմ ընդհանուր մակերեսով և 1512,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, «Քաղսի գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին և 222,5քմ ընդհանուր մակերեսով և 1500,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով «Գառնի գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված ուսուցչի տների բնակարանները հետ է վերցրել և նվիրաբերել համապատասխան համայնքներին դրանցում բնակվող բնակիչներին որպես բնակելի տարածք սեփականաշնորհելու պայմանով։


Որոշման նպատակը ծառայողական այդ բնակարաններում բնակվող ընտանիքների կենցաղային պայմանները բարելավելու անհրաժեշտությունն է:


Գործադիրը որոշում է ընդունել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրաբերելու մասին: Որոշմամբ թույլատրվել է «Նոր Նորք ուսանողական ավան» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող 24017.3 հազ. դրամ արժեք ունեցող Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 12 հասցում գտնվող 4 և 5 մասնաշենքերի 5480.7քմ տարածքով` ներառյալ այդ մասնաշենքերի նկուղները և առաջին հարկերը, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Ընկերության կողմից ձեռքբերված բաժնետոմսերը մարելուց հետո, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով կնվազեցվի «Նոր Նորք ուսանողական ավան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը: Նշվել է, որ վերոհիշյալ որոշման ընդունման նպատակը Երևան քաղաքի «Նոր Նորք ուսանողական ավան» ՓԲԸ հանրակացարանային մասնաշենքում երկար տարիներ բնակվող տեղաբնակ ընտանիքների կողմից չսեփականաշնորհված բնակարանային խնդիրների լուծման և քաղաքացիների սոցիալ-տնտեսական, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ապահովումն է: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացվել են 117 ընտանիքի ելակետային ամբողջական տվյալների փաթեթ, որոնք ներառվել են ներկայացվող նախագծի ցանկերում, իսկ մնացած ընտանիքների զբաղեցրած տարածքների նվիրաբերության խնդրին լուծում կտրվի համապատասխան ելակետային տվյալների ներկայացումից հետո:


Նիստում որոշվել է համաձայնություն տալ «ՀՀ կառավարության — Տաջիկստանի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։


Կառավարության անդամները որոշում են ընդունել նաև ՀՀ 2007թ. պետական բյուջեով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով նախատեսված միջոցները բաշխելու մասին։ Այս որոշման նախագծի հետ կապված նշվել է, որ «ՀՀ 2007թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2007-2009թթ. պետական ծրագրի իրականացման նպատակով պետական աջակցություն «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին ծրագրով նախատեսվել է 225000.0 հազար դրամ։ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն նշված ծրագրի շրջանակներում 2006թ. ընթացքում ՀՀ մարզպետարաններից, Երևան քաղաքի թաղապետարաններից, համայնքներից, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակա մարզադպրոցներից, մարզակառույցներից, մարզական հասարակական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա կատարում է վերը նշված կազմակերպություններին անհրաժեշտ մարզագույքի պահանջի ուսումնասիրություն, որը համակարգվում և ընդհանրացվում է։ Կազմակերպություններից ստացված հայտերից առաջնահերթությունը տրվում է ՀՀ տարածքում գործող վերանորոգված, կառուցված և 2007թ. շահագործման հանձնվող մարզադպրոցներին, մարզակառույցներին, ինչպես նա— հասարակական մարզական և այլ կազմակերպություններին։ Նշվել է, որ այս ծրագրի իրականացումը նպաստում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանը, բնակչության առողջ ապրելակերպի կայացմանը և մարզական արդյունքների բարելավմանը։ Ծրագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի հետագա զարգացման վրա։


Կառավարության որոշմամբ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն, «Դողագործ 1» ԲԲԸ բաժնետեր «ԹիԷս-Ինվեսթմենթ Քոռփ»-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցած հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության լիազորությունը վերապահվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը: Իրավունք է վերապահվել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին`«Դողագործ 1» ԲԲԸ բաժնետեր «ԹիԷս-Ինվեսթմենթ Քոռփ»-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցած հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ապահովման նպատակով, կնքել պայմանագիր իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության հետ: Նշվել է, որ «Դողագործ 1» ԲԲԸ բաժնետեր «ԹիԷս-Ինվեսթմենթ Քոռփ»-ը 12-13 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում պետք է կատարեր ՀՀ-ում, սակայն ցանկանում է հրաժարվել այդ պարտավորությունների կատարումից: «Դողագործ 1» ԲԲԸ բաժնետեր «ԹիԷս-Ինվեսթմենթ Քոռփ»-ի կողմից այդ պատճառով հայց է ներկայացվել Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան:


Գործադիրը որոշել է Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում քաղաքացիների սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.175 հա հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման համար։


Մեկ այլ որոշմամբ Կոտայքի մարզի Արամուսի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից փոխադրվել է 0.243հա վարելահողը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ