ուրբաթ, 1 հունիսի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 3 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման նախագծում», «Կամրջակ» սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Դաշտաքար գյուղի խմելու ջրի ջրագծի կառուցում» ծրագրերը:
Հաստատվել է «Վոլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններում» ծրագիրը, որի նպատակն է օգնություն ցուցաբերել Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների համայնքներում բնակվող հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, գործազուրկներին, զոհված, վիրավոր ազատամարտիկնեի ընտանիքներին, ինչպես նաև սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: