հինգշաբթի, 15 նոյեմբերի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը որոշում կայացրեց «Հայմամուլ» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին: Ըստ այդմ, «Հայմամուլի» գործունեությունը կարգավորելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքին համապատասխան, հանձնարարվեց պետական գույքի կառավարման նախարարությանը՝ հաստատել այդ ընկերության և մամուլի տարածման մարզային դուստր ՓԲԸ-ների գույքի կազմում գտնվող օտարման ենթակա համապատասխանաբար՝ 175 և 131 կրպակների ցանկը և գույքի օտարման գները: Դրանք կառավարության որոշման նախագծի հետ առանձին հավելվածով ներկայացված էին քննարկման: Որոշմամբ թույլատրվեց «Հայմամուլ» ՊՓԲԸ-ին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, երկամսյա ժամկետում օտարել նշված կրպակները՝ առաջնություն տալով որոշման պահին համապատասխան կրպակներում աշխատող կրպակավարներին: Սահմանվեց, որ օտարումից առաջացած ֆինանսական միջոցները փոխանցվում են «Հայմամուլ»-ի կողմից բացված հատուկ հաշվին և համամասնորեն ուղղվում են ընկերության ընթացիկ կրեդիտորական պարտքերի (ՀՀ տարածքում գործող թերթերի խմբագրությունների նկատմամբ) մարմանը: Օտարման ենթակա կրպակների գնորդները պարտավոր են մեկամսյա ժամկետում կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր «Հայմամուլ» ընկերության հետ: Կառավարության այս որոշմամբ կրպակի գնորդը ստանձնում է որոշակի պարտավորություններ: Նա պետք է գույքի օտարման պայմանագրի կնքումից 5 ամսվա ընթացքում վճարի կրպակի գինը, այդ թվում՝ առաջին մեկ ամսում վճարելով գնի 50 տոկոսը: Պարտավորություններից է նաև առնվազն 5 տարի թերթերի և ամսագրերի մանրածախ վաճառքի իրականացման գործառույթի պահպանումը, հետագայում կրպակն օտարելու դեպքում՝ առուվաճառքի պայմանագրում նոր սեփականատիրոջը ևս պարտավորեցնելով այդ պահանջների կատարումը:
Պետգույքի կառավարման նախարարությանը հանձնարարվեց նաև այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայմամուլ» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցնելու համար: Հարցը ներկայացնող պետգույքի կառավարման նախարարը նշեց, որ խնդրի լուծման տարբերակների շուրջ երկար ժամանակ աշխատող միջգերատեսչական հանձնաժողովը՝ քննարկումներից և ուսումնասիրություններից հետո, վերոհիշյալ տարբերակը համարել է եղածներից լավագույնը:
Այսօրվա նիստում, կառավարությունը մեկ այլ որոշումով, Կառավարման դպրոցին 2001-2002 ուստարվա համար հատկացրեց երկարատև ուսուցման 38, կարճատև ուսուցման 300 անվճար տեղ:
Գործադիրը որոշեց նաև փոփոխություն կատարել 2001թ. օգոստոսի 29-ի N 781 որոշման մեջ՝ հնարավորություն տալով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի քոլեջների ուսանողներին զինվորական ծառայության մեկնել ուսումնառությունից հետո: Որոշման համաձայն, այդ բուհերի քոլեջների 3-րդ կուրսում սովորող ուսանողների զորակոչը հետաձգվեց մինչև 2002թ. հունիսի 15-ը, իսկ 2-րդ կուրսում սովորողներինը՝ մինչև 2002թ. դեկտեմբերի 15-ը: Միաժամանակ, կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվեց 2-րդ կուրսում սովորող այդ ուսանողների ուսուցումը կազմակերպել խտացված ուսումնական պլանով, կրթական ծրագիրն ավարտելով մինչև եկող տարվա դեկտեմբերի 15-ը:
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով հստակություն է մտցվում ասպիրանտուրայում սովորողների զորակոչվել-չզորակոչվելու հարցում: Ըստ այդմ, օրենքով ամրագրվում է, որ տարկետման իրավունք են ստանում միայն պետական գիտակրթական համակարգի պետական պատվերով սովորող ասպիրանտները: Վճարովի հիմունքներով ասպիրանտուրա լրացուցիչ ընդունված ուսանողների համար կառավարությունը որոշում չի ընդունել և, ըստ վարչապետի, հարցն այժմ չի կարող կարգավորվել գործադրի որոշմամբ: Վարչապետը բավականին խիստ մոտեցում ցուցաբերեց այս հարցում՝ նշելով, որ ասպիրանտների պահանջը տեղին է, և ովքեր նման որոշում են կայացրել, պետք է հիմնավորեն ու պատասխան տան ստեղծված իրավիճակի համար, հարկ եղած դեպքում՝ դատարանում:
Կառավարությունը քննարկեց և համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև թուրքմենական բնական գազը Իրանի տարածքով ՀՀ տարանցման վերաբերյալ» և «ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի հիդրոէներգետիկ պոտենցիալի համատեղ օգտագործման վերաբերյալ» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Գործադիրը հավանության արժանացրեց «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը, որով 2001թ. նոյեմբերի 21-23-ին կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի: Ս.թ. նոյեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում ժամկետային զինծառայություն անցած ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները:
ՀՀ ներկրված բնական գազի մատակարարների հանդեպ առաջացած պարտքերի մարման բնագավառում ստեղծված լարվածությունը մեղմելու նպատակով, կառավարությունը որոշեց 2001թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տրամադրել 2,8 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ՝ մեկ տարի ժամկետով, ամսական 0,1 տոկոս տոկոսադրույքով: Այս որոշման կատարման համար կարևորվեց էներգետիկ համակարգում բյուջետային մուտքերի հավաքագրումները պատշաճ և ժամանակին իրականացնելը:
Կառավարությունը հավանություն տվեց «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ մինչև երկուշաբթի ժամկետ տալով առաջարկներն ու դիտողությունները օրինագծում ներառելու համար:
Նիստում ընդունվեցին նաև «Հոլանի» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի և «Ավանի աղի կոմբինատ» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման մասին որոշումներ:
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում երեխայի տարվա կապակցությամբ անցկացվող միջոցառումների ծրագրին:
Գործադիրը հարգեց Վայոց Ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանի խնդրանքը՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, աշխատանքից ազատելու մասին: Կառավարության որոշմամբ Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց Վաղինակ Մաթևոսյանը: ՀՀ վարչապետի տեղեկացմամբ, Պանդուխտ Մանուկյանն առաջիկայում կնշանակվի վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար:
* * *
Վաղինակ Մաթևոսյանը ծնվել է 1941թ.-ին Եղեգնաձորի շրջանի Աղավնաձոր գյուղում: 1969թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ, տեխնիկական գիտությունների թեկնածու է, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1957թ.-ից՝ Աղավնաձորի կոլտնտեսության բանվորից հասնելով գյուղի պետական տնտեսության գլխավոր ինժեներ-մեխանիկի, այնուհետև տնօրենի պաշտոնին: Աշխատել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության Եղեգնաձորի «Ագրոսպասարկում» ձեռնարկությունում իբրև տնօրեն, այնուհետև Վայոց Ձորի մարզպետարանում՝ գյուղատնտեսության բաժնի վարիչ: 1997-ից մինչ վերոհիշյալ նշանակումը եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Եղեգնաձորի ճանապարհային շինարարության և շահագործման ՊՓԲԸ-ի տնօրեն:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որտեղ նշվում է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում՝ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրում:
Հավանության արժանացավ նաև «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Փոփոխությամբ սահմանվում է, որ պետական և համայնքային ենթակայության մշակութային, դպրոցական, նախադպրոցական, առողջապահական հաստատությունների՝ մինչև 20 հազար դրամ աշխատավարձ սահմանած հաստիքը ոչ լրիվ դրույքով զբաղեցնող վարձու աշխատողի համար սահմանված սոցիալական վճարը գործատուն հաշվարկում և լիազոր մարմին է փոխանցում վարձու աշխատողի զբաղեցրած ոչ լրիվ դրույքին համամասնորեն:
Հավանության արժանացած՝ «Առևտրի իրականացման վայրի մասին» օրինագծով օրենքը կարգավորում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության հետ կապված հարաբերությունները և դրա նկատմամբ պետական վերահսկողությունը, սահմանելով նաև օրենքի պահանջների խախատման համար պատասխանատվությունը:
Գործադիրն այսօրվա նիստում որոշում կայացրեց նաև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարումը մասանվոր կառավարչի միջոցով իրականացնելու և այդ նպատակով խորհրդատվական ընկերություն ներգրավելու մասին, ինչպես նաև հավանություն տվեց ևս մեկ՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: