երեքշաբթի, 5 հունիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են «Գազպրոմ» ԲԲԸ վարչության պետ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ վարչության անդամ Անատոլի Պոդմիշալսկին և «Գազպրոմ»-ի արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի պետ Ստանիսլավ Ցիգանկովը:
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ է նշվել «Գազպրոմ»-ի հետ ՀՀ կառավարության համագործակցության մասին: Վալերի Գոլուբևը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն համարել է տարբեր երկրներում հիմնած իրենց համատեղ ձեռնարկությունների շարքում բավականին հաջող գործող ընկերություն, նշելով, որ «Հայռուսգազարդ»-ի ղեկավարության հետ անգամ քննարկում են ընկերության տասնամյակի առիթով այդ երկրների իրենց համատեղ ձեռնարկությունների ներկայացուցիչներին ևս հրավիրել Հայաստան և ցույց տալ, թե որքան արդյունավետ է գործում ընկերությունը, ինչպես և ինչ հաջողություններ է արձանագրել անցած տասը տարիներին:
ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալը ՀՀ վարչապետին ներկայացրել է ընկերության առաջիկա ծրագրերն ու ներդրումային նախագծերը: Քննարկվել են դրանց շրջանակներում հետագա համագործակցության հետ կապված հարցեր: