երեքշաբթի, 5 հունիսի 2007
Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է մի շարք խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման մրցույթների, տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքները, ընթացիկ այլ հարցեր:
«ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ոռոգման 6 մայր ջրանցքների նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման մրցույթի վերաբերյալ նշվել է, որ առաջարկների ուսումնասիրության արդյունքում, գնահատող հանձնաժողովն առաջարկել է ֆինանսական առաջարկների բացմանը հրավիրել նշված վերջնաժամկետում տեխնիկական առաջարկներ ներկայացրած 3 ընկերություններից/կոնսորցիումներից մեկին, որն ստացել է առավելագույն համակցված գնահատական:
«Ոռոգման չորս ինքնահոս համակարգերի կառուցման նպատակով վերջնական նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման նախաորակավորման մրցույթի արդյունքում, նշված վերջնաժամկետում շահագրգռվածության ցուցաբերման հայտ ներկայացրած բոլոր հինգ ընկերություններն էլ մրցութային հանձնաժողովի կողմից ընդգրկվել են կարճ ցուցակում՝ ստանալով առաջարկ ներկայացնելու հրավեր:
«ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակներում «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի ազդեցության գնահատման նպատակով Գյուղացիական տնտեսությունների հետազոտության անցկացման խորհրդատվական ծառայության խորհրդատուի մրցույթի համար նշված վերջնաժամկետում շահագրգռվածության ցուցաբերման հայտ է ներկայացրել տասներկու ընկերություն /կոնսորցիում: Հայտերի ուսումնասիրման արդյունքում, գնահատող հանձնաժողովն առաջարկել է տեխնիկական և ֆինանսական առաջարկ ներկայացնել առավելագույն միավոր ստացած մեկ համատեղ ընկերության:
Նշվել է, որ հիշյալ մրցույթների գնահատման արդյունքները կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:
Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի նոր ֆինանսական գործակալի ընտրության նպատակով հայտարարվելիք մրցույթին մասնակցելու առաջարկի հայտի նախագիծը ևս:
Նիստում «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը տեղեկացրել է, որ հունիսի 11-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը, որը հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ, կմասնակցի «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գրասենյակի հանդիսավոր բացմանը: