հինգշաբթի, 15 նոյեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպեց Համաշխայհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր ՀԲ-ի առաքելությունը: Վերջինս մեր երկիր է ժամանել Երևանի ջրամատակարարման ապահովման նախագծի ընթացքին ծանոթանալու և առկա խնդիրների լուծմանը միտված պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով: Հանդիպման ընթացքում ՀԲ-ի փորձագետների խումբը, որը գլխավորում է պրն Բրեյն Սմիթը, ՀՀ վարչապետին ներկայացրեց առաքելության ուսումնասիրությունների արդյունքները՝ ակնկալելով առաջարկությունների վերաբերյալ ստանալ վարչապետի և հանադիպմանը ներկա հայկական կողմի մասնակիցների դիտողություններն ու նկատառումները:
Երկուստեք արձանագրելով, որ ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում վիճակն անմխիթար է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության մարզերում, ընդգծվեց Երևանում ստեղծված իրավիճակի պատճառները հստակեցնելով, խմելու ջրի համակարգի կառավարումն ստանձնած իտալական ընկերության, ՀԲ-ի և ՀՀ կառավարության միջև բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամեկտում շարունակելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա առկա խնդիրների լուծման գործում ընդհանուր եզրեր գտնել, ամրագրել հստակ ժամանակացույց և շարժվել առաջ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կրկին հավաստեց կառավարության պատրաստակամությունը իր ստանձնած պարտավորություններն անվերապահորեն կատարելու հարցում, նույնն ակնկալելով վերոհիշյալ համակարգի կառավարումն ստանձնած ընկերությունից: Վերջինս, ըստ կառավարության փաստարկների, իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը մեծ պատասխանատվությամբ չի վերաբերում, ինչից տուժում է ծրագիրը և առաջին հերթին՝ մայրաքաղաքի բնակչությունը: Այս ամենը նկատի առնելով, հանդիպման կողմերը պայմանավորվեցին առաջիկա երկու-երեք օրերին հստակեցնել ծրագրի իրագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկները և միասնական քննարկել հետագա քայլերը: