երկուշաբթի, 11 հունիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը չափազանց կարևոր է համարել ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի և ՀՀ կառավարության համագործակցությունն ու օժանդակության այն ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրում խթանելու բարեփոխումները, աջակցելու կարևորագույն մի շարք խնդիրների լուծմանը:
Ջոն Դանիլովիչը ևս կարևորել ու գոհունակություն է հայտնել ՀՀ և ԱՄՆ կառավարության միջև փոխգործակցության մակարդակից, մասնավորապես՝ ընդգծելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի և ՀՀ կառավարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի ընթացքը: ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրենը կարևորել է ՀՀ-ում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր համատարմատար Էնթոնի Գոդֆրիի և ՀՄԿ Հայաստանի ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինի գործունեությունը ՀՄԿ հայաստանյան ծրագրի իրականացման գործընթացում, նշելով, որ կորպորացիայի բավարար չափով ներկայացվածությունը Հայաստանում զգալիորեն օգնում է աշխատանքի ընթացքին:
Դեսպան Դանիլովիչը ՀՀ վարչապետին ներկայացրել է ՀՄԿ առաջիկա ծրագրերը և ԱՄՆ կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ մինչև այժմ իր կողմից իրականացված քննարկումներն ու ակնկալիքները՝ կորպորացիայի ծրագրերի հետագա շարունակման առումով: Նշելով, որ չնայած «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի շրջանակներում որոշակի չափորոշիչների համապատասխանող երկրներին հատուկ ֆինանսական օժանդակություն տրամադրելու նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, այդուհանդերձ, դեմոկրատ կոնգրեսականները ևս պատրաստակամություն են հայտնել շարունակել ծրագիրը, որի սկզբունքները նրանց համար ընդունելի են, և այն լավ ծրագիր է համարվում: Ջոն Դանիլովիչը, ներկայացնելով կոնգրեսականների հետ իր բանակցությունների մանրամասները, տեղեկացրել է, որ նրանց աջակցությունն է խնդրել հինգ տարվա տևողությամբ ծրագիրը, հարկ եղած դեպքում, երկարաձգելու, որպեսզի որոշակի աշխատանքներ չհասցնելու դեպքում, հնարավորություն լինի այն պատշաճ ձևով ավարտելու և սպասված արդյունքն ստանալու: Երկրորդ փոփոխությունը, որն, ըստ դեսպան Դանիլովիչի, առաջարկվել է դեմոկրատ կոնգրեսականներին, այդ հինգ տարվա ընթացքում միջանկյալ համաձայնագիր կնքելու հնարավորություն ընձեռելն է:
Ըստ ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրենի, եթե առաջին ծրագրի ընթացքը գոհացուցիչ լինի և երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական ցուցանիշները բարձր լինեն միջինից, ապա նշված երկու պայմանների առկայության դեպքում, կոնգրեսականների թույլտվությունն ստանալու պարագայում, հնարավոր կլինի երկրի հետ կնքել երկրորդ համաձայնագիրը և նոր միջոցներ ներգրավել ծրագրի ընդլայնման նպատակով: Այս մոտեցումը, ըստ Ջոն Դանիլովիչի, լրացուցիչ խթան կհանդիսանա բարեփոխումների ընթացքին:
Դեսպան Դանիլովիչն անդրադարձել է նաև ՀՀ-ում մայիսի 12-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին, շեշտելով, որ դրանց արդյունքները չափազանց կարևոր էին կորպորացիայի համար. «Մեզ անհրաժեշտ էր, որ ընտրությունները շատ ավելի լավը լինեին, և ստացել ենք դրական կարծիքներ, ինչը ցույց է տալիս, որ միտումը դրական է: Մենք շատ ենք ցանկանում, որ այն շարունակվի»,- ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ասել է Ջոն Դանիլովիչը, հավելելով, որ ԱՄՆ-ի համար Հայաստանը կարևոր երկիր է, բազմաթիվ կոնգրեսականներ շատ հետաքրքրված են Հայաստանով և խրախուսելի են բարեփոխումների ուղղությամբ ՀՀ իշխանությունների ջանքերը: Ըստ նրա, տնտեսական ազատությունների, մարդկային կապիտալում ներդրումների ուղղությամբ ՀՀ կառավարության աշխատանքն այսուհետ ևս անհրաժեշտ է շարունակել, ինչը կարող է հույս ներշնչել, որ ԱՄՆ կոնգրեսից թույլտվություն ստանալու դեպքում, այդ աշխատանքը և համագործակցությունը կարող է ընդլայնվել:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը համոզվածությամբ նշել է, որ հաջորդ ընտրությունները լինելու են նախորդից ավելի լավը, և բարեփոխումները նույնպիսի կարևորությամբ շարունակվելու են իրականացվել: Վարչապետն այդ ճանապարհին կարևորել է բարեկամ երկրների, դոնոր կազմակերպությունների աջակցությունը, ինչը թույլ կտա առկա խնդիրներն ավելի արդյունավետ և ավելի կարճ ժամկետում լուծել: Նա նշել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի միջոցներով իրականացվող հայաստանյան ծրագրից մեր ժողովուրդը շատ որոշակի ակնկալիքներ ունի, և կառավարությունը պատրաստ է իր կողմից անել հնարավորը, որպեսզի այդ աշխատանքի արդյունքները մոտ ժամանակներս զգալի լինեն ժողովրդի համար:
Դեսպան Դանիլովիչը բավականին բարձր է գնահատել Հայաստանի կողմից մշակված և պատշաճորեն ներկայացված առաջարկների ծրագիրը, որը, ըստ նրա, կուռ կառուցվածք ունի, ինչն էլ զգալիորեն կարող է նպաստել ծրագրի արդյունավետ իրագործմանը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ կառավարման խորհրդի աշխատանքները բարձր մակարդակով ղեկավարելու համար:
ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրենը տեղեկացրել է նաև, որ ս.թ. հունիսի 27-ին կորպորացիայի վարչության խորհրդի անդամներին ներկայացնելու է հայաստանյան այցի արդյունքներն ու ծրագրի կատարման ընթացքը: Նոյեմբերին, ըստ նրա, ծրագրի մասնակից երկրների մասին համապատասխան կազմակերպություններից կորպորացիան կստանա անհրաժեշտ տվյալները: Ջոն Դանիլովիչը հույս է հայտնել, որ դրական ցուցանիշների առումով, Հայաստանն այդ երկրների շարքում կունենա իր արժանի տեղը: