Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հունիսի 2007



Այսօր տեղի է ունեցել նոր ձևավորված ՀՀ կառավարության անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է կառավարության անդամներին և անդրադարձել նոր կառավարության առանձնահատկություններին ու գործունեության գերակա ուղղություններին. «Կարծում եմ այս կառավարությունն ունի առնվազն երեք առանձնահատկություն. առաջին՝ որ ձևավորվել է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք ԱԺ ընտրությունների ժամանակ ստացել են քվեարկողների վստահության բացարձակ մեծամասնությունը, երկրորդ՝ Սահմանադրական փոփոխություններից հետո, մեր երկրում ձևավորվել են նոր իրողություններ և էապես փոխվել է կառավարության դերն ու նշանակությունը մեր պետությունում: Եվ երրորդ՝ մենք երկար ժամանակ չունենք, որովհետև ընդամենը ութ ամիս հետո տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա: Մեզ ընդամենը մնում է ութ ամիս, որպեսզի ինքներս համոզվենք և ապացուցենք ուրիշներին, որ կարող ենք արդյունավետ աշխատել: Որո՞նք են լինելու կառավարության գերակայությունները, ինչպիսի՞ ուղղվածություն ենք ունենալու, ինչպիսի՞ նոր ռեզերվներ ենք գտնելու և, ընդհանրապես, ինչպե՞ս ենք կարողանալու ապահովել մեր երկրի կայուն և անվտանգ զարգացումը: Այս բոլոր հարցերին պատասխան կտա կառավարության գործունեության ծրագիրը, որի վրա այժմ աշխատում ենք, որը պետք է հաստատենք կառավարության հաջորդ նիստի ժամանակ, և որը մինչև ամսվա վերջը կներկայացվի Ազգային ժողովի հավանությանը»,-մասնավորապես, ասել է ՀՀ վարչապետը:


Այնուհետև անցնելով նիստի օրակարգային հարցերին, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ, որը պայմանավորված է 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունված՝ հիշյալ օրենքում կատարված փոփոխություններով: Մասնավորապես, սահմանվել է, որ օրենքում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին, որպես սոցիալական աջակցություն, կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ մինչև 10 հազար դրամի չափով՝ պետական կառավարման լիազոր մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից, մինչև 100 հազար դրամի չափով՝ պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ: Մեկ այլ լրացման համաձայն, զինծառայողը և նրա ընտանիքի անդամները արձակուրդը ՀՀ տարածքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող, ինչպես նաև կնքված պայմանագրերին համապատասխան, այլ հանգստյան տներում անցկացնելու դեպքում, օգտվում են հանգստյան տան ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից:


«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և դրանց ծանուցման կարգը: Հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում հաստատել մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման վերաբերյալ արձանագրության և մարդու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների վերաբերյալ գրավոր ծանուցման ձևերը: Երկու օր ժամկետ է տրվել հնչած առաջարկությունները լրացուցիչ քննարկելու և անհրաժեշտության դեպքում՝ նախագիծը լրամշակելու համար:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ նախնական պայմանավորվածության համաձայն, գործադիրը որոշել է որպես նվիրաբերություն ընդունել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի «Արագած-5» թաղամասում գտնվող 220քմ ընդհանուր մակերեսով և 12.571.050 դրամ հաշվեկշռային արժեքով միայնակ թոշակառուների հանրակացարանը, ինչպես նաև Փախստականների հարցերով Նորվեգական խորհրդի՝ ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 37.4 քմ ընդհանուր մակերեսով ու 3.118.250 դրամ հաշվեկշռային արժեքով համայնքային կենտրոնը և Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 103.23 քմ ընդհանուր մակերեսով, 19.348.000 դրամ հաշվեկշռային արժեքով համայնքային կենտրոնը և դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությանը՝ փախստականների շրջանում սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող բազմաբնույթ ծրագրերի իրականացման պայմանով: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 12 մլն 225.9 հազար դրամ է հատկացրել ՀՀ Արագածոտնի մարզպետարանին: Որոշման համաձայն այդ գումարից 1 մլն 500 հազար դրամը կհատկացվի Ավթոնա գյուղում շինություն ձեռք բերելու և հետագայում որպես դպրոց վերափոխելու, 3 մլն 925.9 հազար դրամը՝ ձեռք բերված շինության հիմնանորոգման, 6 մլն 800 հազար դրամը՝ Լուսակն գյուղում շինություն ձեռք բերելու և հետագայում որպես դպրոց վերափոխելու նպատակով:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Էկվադորի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Երևանի N2 արհեստագործական ուսումնարան» և «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ» ՊՈԱԿ: Որոշումն ընդունվել է նշված քոլեջի ուսումնական գործընթացի բնականոն կազմակերպումն ապահովելու նպատակով:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը սահմանել է նաև «Հատուկ կապ» ՓԲԸ-ի՝ զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկը՝ յուրաքանչյուր աշխատողին մեկ միավոր զենքի հաշվարկով, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 1 մլն 75 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի 2001-2003թթ. փաստաթղթերի արխիվացման հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով այդ կազմակերպությանը տրամադրելու համար:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող ու երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները հաստատելու մասին» N1106-Ն որոշման մեջ՝ այն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:


Կառավարությունը փոփոխություն է կատարել 2006թ. նոյեմբերի 2-ի «ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ, որով հստակեցվել է Աշտարակի, Ապարանի և Ծաղկահովտի առողջապահական հիմնարկների իրավական ձևը, ըստ որի, որոշման մեջ նշված առողջապահական կազմակերպությունները վերակազմակերպվել են միաձուլման միջոցով՝ ստեղծելով «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ապարանի բժշկական կենտրոն» և «Ծաղկահովտի առողջության կենտրոն»ՓԲԸ-ներ:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից՝ Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից մինչև 5 մլրդ 400 մլն դրամի չափով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը՝ հետևյալ համաքաղաքային ծրագրերի ֆինանսավորման համար. Ազատության պողոտայի վերակառուցման ու վերանորոգման նախագծում և շինարարություն (այդ թվում՝ Հաղթանակ այգու դիմաց ստորգետնյա անցման կառուցման և Կոմիտաս-Դ. Անհաղթի էստակադայի վերանորոգման աշխատանքներ), Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի հատման խաչմերուկում տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցի և ստորգետնյա հետիոտն անցման նախագծում և կառուցում, Բարեկամության հրապարակի տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցի և Հ. Քոչար, Գյուլբենկյան, Կասյան փողոցների և Բաղրամյան պողոտայի վերակառուցման նախագծում և շինարարություն, Արցախի փողոցի (կայարանամերձ հրապարակից Արին Բերդ փողոցի հատված) վերակառուցման նախագծում և շինարարություն: Թույլատրվել է Երևանի խորհրդին՝ ինքնուրույն սահմանել հատկացված գումարի շրջանակներում՝ որոշմամբ համաձայնեցված ծրագրերի առանձին ուղղություններով օգտագործման (ֆինանսավորման) տարեկան և եռամսյակային համամասնությունները:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 311 մլն դրամով՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված լրացուցիչ տարածքներում օտարվող սեփականության դիմաց փոխհատուցում տրամադրելու նպատակով: Նույն որոշմամբ ՀՀ 2007թ. պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ, որոնց համաձայն նախատեսվում է լրացուցիչ գումարներ հատկացնել Երևան քաղաքում առկա վթարային շենքերի հետազոտման աշխատանքների տեխնիկական վիճակի ուսումնասիրման և եզրակացության տրամադրման համար լրացուցիչ ծրագրի, գլխավոր հատակագծով և Երևան քաղաքի զարգացման գերակա ուղղություններով նախատեսված մի շարք անցումների կառուցման աշխատանքների, «4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների փոխհատուցման համար բնակարանների (բնակելի շենքերի) շինարարություն և վերակառուցում» ծրագրով ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված 4 բնակելի շենքերից 4-րդ շենքի կառուցման, մի շարք դպրոցաշինական ծրագրերի, ինչպես նաև Երևանի թաղային համայնքների կողմից փողոցների բարեկարգման և շենքերի վերանորոգման աշխատանքներին աջակցման ֆինանսավորման համար: Կատարված մեկ այլ փոփոխությամբ, Իսակովի պողոտայում նախատեսված երկու վերգետնյա և երկու ստորգետնյա հետիոտն անցումների փոխարեն որոշվել է կառուցել մեկ վերգետնյա և երեք ստորգետնյա հետիոտն անցումներ:


Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով՝ ՀՀ կառավարությունը որոշել է՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջ եկած քաղաքի զարգացման հեռանկարները՝ կառավարության որոշման հավելվածում նշված տարածքում իրականացվող քաղաքաշինական (ճանապարհաշինական) ծրագրի նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ: Իբրև հիմնավորում նշվել է, որ վերոհիշյալ ծրագրի իրականացման (Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու Մ.Հերացու փողոցին, Մյասնիկյան պողոտային և Սարալանջի փողոցին հարող մասի կառուցապատման) շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից և վերոհիշյալ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ մայրուղու կառուցմամբ մասնակիորեն (քաղաքի տվյալ հատվածում) կլուծվի Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջ եկած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրը: Նշվել է, որ Երևանի կազմավորված մայրուղային ցանցը, որի ընդհանուր տարածականությունը կազմում է 214կմ, խտությունը՝ 1.7կմ2 է (նորմատիվ է 2.2կմ2) այսօր պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացումով, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և նրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը։ Չեն ապահովված հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ծայրամասային բնակելի տարածաշրջանները միմյանց հետ կապող շառավղային մայրուղիներով և որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով։ Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում չեն կանոնակարգված։ Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և որպես հետևանք, հաճախակի բերում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը։ Որոշման նախագծում ներկայացված հիմնավորման համաձայն, հյուսիսային և հյուսիս-արևելյան տարածաշրջաններից եկող տրանսպորտային հոսքերը, փաստորեն, իրենց վրա են վերցնում, բացառապես, Բաղրամյան և Ազատության պողոտաներն ու Սարալանջի փողոցը, որոնք իրենց բոլոր չափանիշներով արդեն չեն համապատասխանում ժամանակի պահանջներին, մշտական խցանումներ են առաջացնում Օպերայի և Աբովյանի պուրակի շրջակայքում և քաղաքի կենտրոնի տրանսպորտային այլ հանգույցներում։ Գերբեռնված ռեժիմով են գործում Աբովյան, Տերյան, Նալբանդյան փողոցները։ Ավտոմոբիլիզացիայի մակարդակի բարձրացման պայմաններում առանց նոր, արմատական, համակարգային լուծումների, այստեղ շարժման կանոնակարգումն արդեն անհնար է։ Հաշվի առնելով վերոհիշյալը, որպես մայրուղային ցանցի հիմնական կառուցվածքաստեղծ հիմնակմախք՝ Երևանի նոր՝ 2005 թվականի Գլխավոր հատակագծում նախատեսված է «Օղակաձև արագընթաց ճանապարհների համակարգը», որը եզերում է քաղաքի կենտրոնական մասը, տարբեր մակարդակներում տրանսպորտի երթևեկության ուղեբաժանքներով՝ քաղաքի կենտրոնում ծայրամասային բնակելի շրջանների հետ կապող շառավղային մայրուղիների հատումներում, օրգանապես ներմուծվում է գոյություն ունեցող մայրուղային ցանցի մեջ։


Նոր օղակաձև ճանապարհի իրականացման համար, որի ընդհանուր երկարությունը 7.3կմ է, առաջնահերթ խնդիր է Հերացի, Սարալանջ և Ավետիսյան փողոցները միացնող նոր ճանապարհի կառուցումը, որի երկարությունը կազմում է 2.3կմ։ Նոր ճանապարհն սկսվում է Ավետիսյան փողոցից և ավարտվում Մյասնիկյան փողոցի վրա գտնվող երկաթգծի կամրջով՝ տարբեր մակարդակի ուղիներով կապելով Սարալանջ և Հերացի փողոցները։ Նշված արագընթաց ճանապարհն արդյունքում կունենա պարփակ ձև, ինչը թույլ կտա տարանցիկ հոսքի մեծ մասը հանել քաղաքի կենտրոնական մասից և զգալիորեն նվազեցնել Բաղրամյան, Սարալանջ փողոցների, Ազատության և Մյասնիկյան պողոտաների տրանսպորտային բեռնվածության մակարդակը։ Միաժամանակ, արագընթաց ճանապարհի կառուցումը կունենա նաև մեծ բնապահպանական նշանակություն։ Հայտնի է, որ այսօր Երևանում օդի աղտոտվածության և աղմուկի հիմնական աղբյուրը հանդիսանում է ավտոտրանսպորտը։ Ճանապարհի կառուցումից հետո, 15-20%-ով կկրճատվի ուղևորության ժամանակը՝ զգալիորեն փոքրացնելով վառելիքի ծախսը և տրանսպորտային միջոցների հետ կապված արտանետումների քանակը։ Օդի աղտոտվածության և աղմուկի մակարդակները կնվազեն մոտ 30%-ով։ Եվ հակառակը՝ նախագծի իրականացման ուշացման դեպքում, բնապահպանական վիճակը կարող է վատթարանալ մոտ երկու անգամ՝ նկատի առնելով մոտակա 10 տարում տրանսպորտի զարգացման տեմպերը։


Հաշվի առնելով վերը նշվածները, մշակվել է Տիգրան Մեծ-Նորք-Հերացի-Սարալանջի-Ավետիսյան-Ռիգայի-Վաղարշյան-Կոմիտաս-Դավիթաշենի կամուրջ-Աշտարակ հետագծով ավտոմայրուղու նախագիծ։


Որոշման համաձայն առաջին հերթին նախատեսված է իրականացնել Հերացի-Սարալանջի-Ավետիսյան-Փափազյան հատվածներով մայրուղին, որի տվյալները՝ լայնություն, ուղղագիծ-հորիզոնական նիշերն ընդունված են այն հաշվով, որպեսզի առանց դրա չափանիշների վերափոխումների և վերակառուցման, ապահովվի մայրուղու 1-ին հերթի 2-րդ փուլի խիստ կարևոր Նորք–վերակառուցված քարե կամուրջ-Նոր մայրուղի կապի իրականացումը, որը Նորք-Մարաշ թաղամասերից եկող տրանսպորտային հիմնական հոսքն ուղղակիորեն կկապի Սարալանջի, Ազատության, Կոմիտասի փողոցների հետ՝ նվազեցնելով Հերացի, Աբովյանի պուրակ տրանսպորտային բեռնվածությունը։


Սահմանվել է, որ որոշման 1-ին կետում նշված տարածքների Ձեռքբերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը: Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը, իսկ նշված աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 25-ի N108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:


Սեփականության ձեռքբերման գործընթաց սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2008թ. հունվարի 1-ը:


Լիազորվել է Երևանի քաղաքապետին՝ որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում, այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն` որոշմամբ նախատեսված իրացման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ 310815100 գումարի վերաբերյալ։


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 1մլն 400 հազար եվրոյին համարժեք դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին՝ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ջրավազանում ձայնալուսային բեմադրության համակարգի ձեռք բերման և տեղադրման գծով ծախսերի ֆինանսավորման նպատակով: Որոշմամբ 410 մլն 740 հազար դրամ է է հատկացվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը՝ համակարգչային և այլ տեխնիկա ու համակարգչային ծրագրեր ձեռք բերելու նպատակով:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Երևանի Շենգավիթ թաղային համայնքի ղեկավար Մարտին Սարգսյանի լիազորությունները՝ ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:


ՀՀ կառավարության որոշմամբ Ռոմիկ Մանուկյանն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ, Վարդգես Մաթևոսյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ:








Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ