հինգշաբթի, 14 հունիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Կոստինին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ընկերության ավագ փոխնախագահ Նիկոլայ Կուզնեցովը և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:
Անդրեյ Կոստինը ՀՀ վարչապետին ներկայացրել է հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելուն միտված «ՎՏԲ բանկ» ընկերության ծրագրերը, ընդգծելով, որ գործարար միջավայրը, օրենսդրական դաշտը բավականին նպաստավոր են դարձնում հայաստանյան շուկայում գործունեությունը, և «ՎՏԲ բանկ»-ը լրջորեն հետաքրքրված է մի շարք ոլորտներում՝ էներգետիկա, ավիացիա, հիպոթեքային վարկավորում, հանքարդյունաբերություն և այլն, ակտիվ գործունեություն ծավալելու և փոխշահավետ ծրագրեր իրագործելու: Նա բարձր է գնահատել ՀՀ ԿԲ-ի գործունեությունը և բանկի հետ իրենց ընկերության համագործակցությունը:
Վարչապետ Սերժ Սարգսյանը «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ի նախագահի ներկայացրած ծրագրերը ողջունել է, նշելով, որ դրանք միանգամայն համահունչ են ՀՀ կառավարության քաղաքականությանն ու ծրագրերին: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել կառավարության իրավասությունների և հնարավորության շրջանակներում աջակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված վերոնշյալ ծրագրերի իրագործմանը:
Հանդիպումից հետո, Հայաստանում «Վալեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը ներկայացրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել «ՎՏԲ բանկ»-ի ֆինանսավորմամբ: 198 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի նախնական պայմանները, ըստ Վալերի Մեջլումյանի, արդեն համաձայնեցված են բանկի և «Վալեքս» խմբի միջև:
Վարչապետը հաջողություններ է մաղթել ծրագրի իրագործմանը: