ուրբաթ, 15 հունիսի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող`«Աշխատանքի միջազգային ճամբարների կազմակերպում Հայաստանում», «ՍՕՍ» մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Կոտայք և Նոր Գյուղ համայնքների հանրակրթական դպրոցներին», «Ընտանիքների ամրապնդում և մանկալքության կանխարգելում Գյումրիում ու Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում», «Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացում և դաստիարակություն», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք ու դաստիարակություն» և «Առանց ծնողական խնամքի մնացած 15-23 տարեկան պատանիների և երիտասարդների երկարաժամկետ խնամք ու դաստիարակություն» ծրագրերը:
Հանձնաժողովը հաստատել է նաև «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի N 13 օժանդակ (հատուկ) գիշերօթիկ դպրոցի ջեռուցման համակարգի վերականգնման», «Փարոս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հույսի ճրագ» և «Արագիլ» ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: