երեքշաբթի, 27 նոյեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՌԴ Լենինգրադի մարզի ղեկավար Վալերի Սերդյուկովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը բավական մեծաթիվ է, ընդգրկում է տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող մի քանի տասնյակ գործարարների և ղեկավար գործիչների, որոնց մեջ քիչ չեն նաև մարզում լայն գործունեություն ծավալած և զգալի հաջողությունների հասած հայ ձեռնարկատերերը:
Ողջունելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Հայաստան կատարած այցից հետո Ռուսաստանի խոշոր մարզերից մեկի նման մեծաթիվ պատվիրակության ժամանումը մեր երկիր, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևոր համարեց Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացումը ոչ միայն միջկառավարական, այլև վարչական առանձին միավորների՝ մարզերի, քաղաքների, համայնքների մակարդակով:
Հանգամանորեն ներկայացնելով Լենինգրադի մարզի տնտեսության այսօրվա վիճակն ու զարգացման հեռանկարները, մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի և այլ ոլորտներում մարզի ներկայիս ցուցանիշները, որոնք, ըստ նահանգապետի, բարձր են ՌԴ ցուցանիշների միջին մակարդակից, Վ.Սերդյուկովը գոհունակություն հայտնեց Հայաստանի Արագածոտնի մարզի հետ այսօր ստորագրված համագործակցության համաձայնագրից, որը հնարավորություն կտա ոչ միայն շարունակելու երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը, այլև փոխադարձ շահավետությամբ նպաստելու միմյանց տնտեսությունների առաջընթացին:
Հավաստիացնելով, որ Հայաստանի կառավարությունը հնարավորինս կաջակցի երկու մարզերի միջև սկսված համագործակցության զարգացմանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ մաղթեց պատվիրակության աշխատանքներին: