ուրբաթ, 22 հունիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: Հանդիպման սկզբում նա նախ ՀՀ վարչապետին է փոխանցել գլխավոր քարտուղարի շնորհավորանքը՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացման առումով, երկուստեք կարևորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որն ընդգրկում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ փոխգործակցության բոլոր հնարավոր ոլորտները: Վարչապետը նշել է, որ ԱԳԳԾ-ի իրականացման նպատակով հիմնված հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչությունները շարունակում են շահագրգիռ աշխատանք տանել ԱԳԳԾ-ի աշխատանքային ծրագրի իրականացման ուղղությամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կհատկացնի և ջանքերը կկենտրոնացնի ծրագիրը ժամանակացույցին համապատասխան ու արդյունավետ իրագործման ուղղությամբ:
ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ՀՀ զինված ուժերն ավելի մարտունակ դարձնելուն և ժամանակակից ռազմական պահանջներին համապատասխանող պաշտպանության համակարգի ստեղծմանը միտված բարեփոխումներին ՆԱՏՕ-ի աջակցությունը: Այս կապակցությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը դրվատանքով է խոսել ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի առաջընթաց քայլերի մասին, նշելով, որ Դաշինքը պատրաստակամ է շարունակել աջակցությունը բարեփոխումներին: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման կապակցությամբ ևս, իբրև հաջորդ կարևոր քայլ նշելով ռազմական դոկտրինայի մշակումը, որի համար, ըստ Ռոբերտ Սիմոնսի, ՆԱՏՕ-ն պատրաստ է տրամադրել փորձագետներ և ցուցաբերել խորհրդատվական աջակցություն:
Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում ևս կարևորված է ազգային անվտանգության ռազմավարությունը: Ծրագրում ամրագրված է, որ այն մշակվել է նաև այդ ռազմավարության հիման վրա:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՆԱՏՕ-ի համագործակցության նոր սպայի նշանակումը լրացուցիչ խթան և կապող օղակ կհանդիսանա Հայաստանի և Հյուսիս-ատլանտյան դաշինքի միջև գործընկերության զարգացման համար:
Երկուստեք կարևորվել է Հայաստանում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը, որի ուղղությամբ արդեն իսկ արդյունավետ քննարկումներ են տեղի ունենում ՀՀ փրկարար ծառայության հետ: Նկատի առնելով այս հարցում ևս դրական տեղաշարժն ու Հայաստանի փորձը, Ռոբերտ Սիմոնսը խոսել է տարածաշրջանի և նաև Միջին Ասիայի երկրների մասնակցությամբ Երևանում սեմինարի անցկացման մտադրության մասին, որը նվիրված կլինի ճգնաժամային կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունների խորացմանը: Ընդգծվել է նաև տեղեկատվության ոլորտում համագործակցության ընդլանման անհրաժեշտությունը: ԱԳԳԾ-ի իրականացման հետ կապված ՀՀ կառավարության գործունեությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բնորոշել է երկու կարևոր առանձնահատկությամբ՝ ծրագրի մշակման և իրագործման ընթացքի թափանցիկություն և միջգերատեսչական հանձնաժողովի արդյունավետ գործունեություն:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը խոսել են նաև խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության մասին: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստ է այդ առաքելությանն ակտիվ մասնակցություն ունենալու: ՀՀ վարչապետը զրուցակցից հետաքրքրվել է նաև Կոսովոյի անկախության հարցի շուրջ ընթացող զարգացումներով:
Հանդիպման ավարտին զրուցակիցները կրկին վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը: