երեքշաբթի, 26 հունիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը, որը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ, ՀՕՖ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Վարչապետը, ողջունելով բավականին ներկայացուցչական կազմով Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին, նշել է, որ ՀՀ անկախացումից ի վեր տարբեր տարիների ի պաշտոնե անձամբ սերտորեն և արդյունավետորեն համագործակցել է Հայ օգնության ֆոնդի հետ և ՀՀ վարչապետի պաշտոնում ևս ակնկալում է սերտ փոխգործակցություն՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի հետագա զարգացման, հզորացման ու բարեկեցության ապահովման:
Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջիկա ծրագրերը, գերակայությունները և դրանց շրջանակներում ՀՕՖ-ի հետ համագործակցության պատկերացումներն ու ակնկալիքները: Վարչապետն ընդգծել է, որ եկել է զարգացման ծրագրերի շուրջ համագործակցելու ժամանակը: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է պետության հնարավորություններով և տարբեր կազմակերպությունների միջոցներով իրականացվող ծրագրերի համադրմամբ համակարգված աշխատանքը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ տնօրինել եղած հնարավորություններն ու չփոշիացնելով ուժերը՝ լուծել առկա խնդիրները:
ՀՕՖ-ի պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով վարչապետին՝ նշանակման կապակցությամբ, փոխադարձաբար պատրաստակամություն են հայտնել շարունակելու Հայաստանի զորացմանը, զարգացմանն ու առաջընթացին ուղղված ֆոնդի առաքելությունը և այդ նպատակով՝ աջակցությունը ՀՀ իշխանություններին: Նրանք գոհունակությամբ են նշել, որ ՀՕՖ-ի մոտեցումները միանգամայն համահունչ են ՀՀ կառավարության առաջնահերթություններին ու գերակայություններին, որոնց մասին հանդիպման ժամանակ խոսեց վարչապետը:
ՀՕՖ-ի նախագահ, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը վարչապետին տեղեկացրել է, որ պատվիրակությունը հայրենիք է ժամանել նաև մասնակցելու Երևանում ՀՕՖ-ի գործունեության համար տրամադրված նոր շենքի բացման արարողությանը և շնորհակալություն է հայտնել շենքի տրամադրման հարցում աջակցության համար: ՀՕՖ-ի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի հավաստմամբ, հայաստանյան այցի ավարտին իրենք նախատեսում են քննարկել ֆոնդի զարգացման առաջիկա 10 տարիների ծրագրերը ևս, և մտադիր են ՀՕՖ-ի գործունեությունն այսուհետ նպատակաուղղել դեպի զարգացման ծրագրերը:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը ՀՕՖ-ի պատվո ատենապետ և հիմնադիր, «Հովնանյան Էնթերփրայզիս» ընկերության հիմնադիր-նախագահ Գևորգ Հովնանյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ Հայկական պետականության կայացման գործում ակտիվ մասնակցության համար: