Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 հունիսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում կարմրուկի և կարմրախտի վերացման, խոզուկի վերահսկման և բնածին կարմրախտի համախտանիշի կանխարգելման 2007-2010թթ. ազգային ծրագրին, ինչպես նաև նշված բնագավառում իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին: Նշվել է, որ իմունականխարգելումը հնարավորություն է տալիս պայքարել կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ: 2005թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ արեց բոլոր երկրներին ընդունել իմունականխարգելման գլոբալ մոտեցումները և ռազմավարությունները՝ 2006-2015թթ. ժամանակահատվածում՝ իմունականխարգելման ազգային ծրագրերի հզորացման նպատակով: Այսօրվա նիստում հաստատված վերոհիշյալ ծրագրի նպատակն է կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի վերացումը, երեխաների մոտ բնածին կարմրախտի համախտանիշի կանխումը և խոզուկի դեպքերի նվազեցումը: Ծրագրի իրականացման հիմնական ռազմավարություններն են՝ երկու դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկի դեմ պատվաստումներում 95 տոկոսից ավելի ընդգրկվածության մակարդակի ապահուվումն ու պահպանումը, այդ հիվանդությունների նկատմամբ ընկալանուկ ազգաբնակչության շրջանում լրացուցիչ պատվաստումների իրականացումը, պտղաբեր տարիքի կանանց կարմրախտից պաշտպանության ապահովումը՝ մեկ դեղաչափով պատվաստումներում բարձր ընդգրկվածության միջոցով, համաճարակաբանական հսկողության համակարգի բարելավումը՝ բազմակի հետազոտությունների և լաբորատոր հաստատությունների միջոցով, բուժաշխատողների և բնակչության շրջանում կարմրուկ-խոզուկ-կարմրախտի դեմ իրականացվող պատվաստումների նշանակության և անհրաժեշտության մասին իրազեկության բարելավումը:


«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 23-ի «Ճանապարհային երթեկության կանոնները հաստատելու մասին» N 924 որոշումը: Հանձնարարվել է հաստատված վերոնշյալ նախագծի որոշ ձևակերպումներ ՀՀ արդարադատության նախարարության հետ լրացուցիչ քննարկել:


Մեկ այլ որոշմամբ սահմանվել են նաև հանված հաշվառման համարանիշերը համապատասխան մարմիններին հանձնելու, պահպանելու և վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) վերադարձնելու կարգը:


«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները, որոնցով սահմանվում են արտադրվող սննդամթերքի տեխնոլոգիական հրահանգների մշակման և հաստատման ընդհանուր դրույթները: Ըստ այդ դրույթների, տեխնոլոգիական հրահանգները և դրանց անբաժանելի մաս կազմող բաղադրագրերը մշակվում են որպես համասեռ սննդամթերքի խմբին ներկայացվող ընդհանուր պահանջներ սահմանող ստանդարտների և/կամ տեխնիկական պայմանների լրացուցիչ փաստաթղթեր:


Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ոռոգման համակարգերի զարգացման վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համաձայնեցված արձանագրությանը:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հոկտեմբերի 2-ի «ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N1307-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է՝ այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն» հավելվածում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից ընդգրկված ավիացիոն անվտանգության նոր ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N299-Ն որոշման մեջ: Հաշվի առնելով հանքարդյունաբերության ոլորտում ներկայումս արդյունահանվող օգտակար հանածոների բազմազանությունը, դրանց արդյունահանման և իրացման էական ծավալներն ու ֆիզիկական ծավալների վերաբերյալ հարկ վճարողի կողմից հարկային մարմին տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը, վերանայվել է որոշմամբ սահմանված արտադրատեսակների ցանկը, առանձնացվել է օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների առանձին ցանկ, ինչպես նաև սահմանվել է հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների պարբերականությունը:


ՀՀ կառավարության մեկ այլ՝ 2001թ. մարտի 29-ի «Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը հաստատելու մասին» N251-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները պայմանավորված են 2007թ. փետրվարի 26-ի «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին: Սահմանվել է, որ «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ է հանդիսանում «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը, որին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է պետական սեփականություն հանդիսացող «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ»-ին նախկինում ամրացված Մամիկոնյանց 52ա հասցեի ուսումնական շենքը՝ 968քմ. ընդհանուր մակերեսով, 3 մլն 761.788 հազար դրամ սկզբնական արժեքով, իսկ սեփականության իրավունքով հանձնվում է հիշյալ ինստիտուտի սեփականությունը հանդիսացող՝ նվազագույն աշխատավարձի 10-հազարապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող, 24 մլն 400.342 հազար դրամ սկզբնական արժեքով գույքը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի տնօրինության «Սադղի լիճ» (պանսիոնատ) օբյեկտի 398,2 քմ մակերեսով և 12 մլն 498 հազար դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը՝ (ք. Գորիս) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Զարզանդ Նիկողոսյանին: Սահմանվել է, որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,148 հա հողատարածքը՝ կադաստրային արժեքով: Նշվել է, որ հիշյալ օբյեկտը 1968թ.-ից չի վերանորոգվել և գտնվում է անմխիթար վիճակում, վերանորոգումը պայմանավորված է մեծ ծախսերի հետ, օբյեկտի այսօրվա պահպանման ծախսերը ՀՀ պետական բյուջեով չեն նախատեսվում, և դրա պահպանությունը ՀՀ Սյունիքի մարզպետարանի հաշվեկշռում աննպատակահարմար է:


Մեկ այլ որոշմամբ, «Պետական կառավարման հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է նաև


ՀՀ արդարադատության նախարարության՝ Գյումրի քաղաքի Աճեմյանի փողոցի N 62 հասցեում գտնվող՝ «Գյումրի» քրեակատարողական հիմնարկին ամրացված 164.67քմ մակերեսով շենքը և 1 684 032 հա ընդհանուր մակերեսով հողամասը հետ վերցնել և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը:


Նիստում գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2007թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 14 մլն 243.9 հազար դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 2007թ. հուլիսի 1-ին կայանալիք Արարատի մարզի Արտաշատի, Արարատի քաղաքային, Մրգանուշի գյուղական համայնքների ղեկավարների, Դիտակի, Դվինի գյուղական համայնքների ավագանու անդամների, Շիրակի մարզի Մուսայելյանի, Սյունիքի մարզի Ուժանիսի, Տավուշի մարզի Ակնաղբյուրի, Ծաղկավանի (Իջևանի շրջ.) գյուղական համայնքների ղեկավարների, 2007թ. հուլիսի 8-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի, Կոտայքի մարզի Գետարգելի գյուղական համայնքների ղեկավարների, 2007թ. հուլիսի 22-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Աղբերքի, Ծովասարի, Շիրակի մարզի Ալվարի, Զարիշատի գյուղական համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Հայկավանի, Մարմաշենի, Կրաշենի գյուղական համայնքների ավագանու անդամների, 2007թ. հուլիսի 29-ին կայանալիք Լոռու մարզի Ղուրսալի, Ուռուտի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Նիստի ավարտին ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին՝ մշակել ՀՀ Ազգային ժողովում հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրից բխող, հստակ ժամկետներով միջոցառումների ցանկ՝ միաժամանակ ակտիվ աշխատանք տանելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի մշակման ուղղությամբ՝ ըստ ճյուղային նախարարությունների։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նախարարություններում և գերատեսչություններում այդ կարևորագույն փաստաթղթերի մշակման աշխատանքներն ավարտելուց հետո, ս.թ. օգոստոս ամսվա վերջին կամ սեպտեմբերին դրանք կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը։




Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ