չորեքշաբթի, 4 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա առթիվ: Իբրև երկրի Հիմնական օրենք` չափազանց կարևոր է Սահմանադրության նշանակությունը ցանկացած պետության կայացման և զարգացման ճանապարհին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հայոց անկախ պետականության իրավական, քաղաքական, գաղափարական այն հիմնարար փաստաթուղթն է, որը դարձավ բոլոր տեսակի իրավահարաբերությունների կարգավորման հիմք` կանխորոշելով մեր պետության ընթացքն ու զարգացման ուղին: Համաժողովրդական հանրաքվեի արդյունքում բարեփոխված Սահմանադրությունը ևս, հիմնված լինելով հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա, մեր պետության զարգացմանը և ժամանակի նոր պահանջներին համընթաց, նոր խնդիրներ է առաջադրում և ավելի մեծ հնարավորություններ ընձեռում մեր համազգային նպատակների իրագործման, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայոց պետականության կայացման, ամրապնդման ու զարգացման, ժողովրդի ընդհանուր բարեկեցության ապահովման համար:
Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ օրենսդրության մեջ զգալի փոփոխություններ են արվում, որոնք միտված են ոչ միայն իրավական նոր ինստիտուտների կայացմանը, այլև մեր երկրում երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացմանն ու կյանքի նոր որակի ապահովմանը:
Կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ և մաղթում հաջողություններ: