ուրբաթ, 6 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Լիքուն Ջինին: Նա ՀՀ վարչապետին է փոխանցել Ասիական զարգացման բանկի նախագահի ողջույներն ու համագործակցության պատրաստակամության վստահեցումը: Պարոն Լիքուն Ջինը նշել է, թե հպարտ է, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Ասիական զարգացման բանկին և կարծում է, որ մինչ այսօր երկուստեք ջանք չի խնայվել փոխհարաբերությունների ամրապնդման և արդյունավետ ծրագրերի մշակման ուղղությամբ: Բանկի փոխնախագահը գոհունակությամբ է նշել, որ ՀՀ կառավարության կողմից հայտարարված գործունեության գերակա ուղղություններն ու առաջնահերթությունները միանգամայն համընկնում են Ասիական զարգացման բանկի գերակայությունների և մոտեցումների հետ և ուրախ է, որ կարող են աջակցել Հայաստանում աղքատության հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը: Լիքուն Ջինն ընդգծել է, թե տպավորված է Հայաստանի տնտեսական առաջընթացով և ՀՀ կառավարության ղեկավարին շնորհավորելով այդ կապակցությամբ, միաժամանակ նշելել է, որ դեռևս առկա մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ անհրաժեշտ է համատեղել ջանքերը: Նա, մասնավորապես, անդրադարձել է համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման, մարզերի ջրամատակարարման համակարգերի բարելավման, մասնավոր հատվածին աջակցության ծրագրերին, շեշտելով, թե բանկը շահագրգիռ է իր նպաստը բերելու այս ծրագրերի իրագործմանն ու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ համագործակցության համար և կարևորել կառավարության կողմից առաջնահերթ համարվող ծրագրերի իրագործման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ներգրավումն ու գործընկերների հետ համագործակցության արդյունքում՝ այդ միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն քննարկել են Ասիական զարգացման բանկի աջակցության պայմաններն ու համագործակցության զարգացման հնարավորությունները: