երեքշաբթի, 4 դեկտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ուկրաինայի «Ինտերկոնտակտ» բաց բաժնետիրական ընկերության պատվավոր նախագահ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Եդինին և Ուկրաինայի արդյունաբերության քաղաքականության նախարարի տեղակալ Ալեքսեյ Գոլուբևին, որոնք մեր երկիր են ժամանել «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի վերահսկիչ փաթեթի գնման հետ կապված բանակցություններ վարելու նպատակով: Հանդիպման ժամանակ կարծիքներ փոխանակվեցին հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության խթանման, այդ ուղղությամբ որոշակի միջոցառումների մշակման, դրանց իրականացման մեխանիզմների և այլ խնդիրների վերաբերյալ: Ուկրաինական կողմը նշեց, որ Հայաստանի վարած տնտեսության ազատականացման, պետության կողմից գործարարության աջակցման, իրավական դաշտի կատարելագործման, ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծման քաղաքականությունը համապատասխանում է այս երկրում որոշակի ներդրումներ կատարելու, նրա հետ տնտեսական ու առևտրային կապեր զարգացնելու Ուկրաինայի շահերին: Այդ ճանապարհին հիմնական խոչընդոտներից մեկը համարվեց միմյանց տնտեսական քաղաքականության և գործարար միջավայրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության պակասը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրեց, որ Հայաստանի կառավարությունն իր կողմից կանի հնարավորը՝ բոլոր տեսակի խոչընդոտները վերացնելու, հայ-ուկրաինական տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: