երեքշաբթի, 10 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիմիտրովին:
Բարձր գնահատելով հայ-բուլղարական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ՀՀ վարչապետը կարևորել է դրանք առավել ամրապնդելու և ամենատարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ու զարգացնելու ուղղությամբ երկկողմ ջանքերի ակտիվացումը:
Օգտվելով հանդիպման առիթից, դեսպան Ստեֆան Դիմիտրովը նշանակման առիթով ՀՀ վարչապետին է փոխանցել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշևի շնորհավորական ուղերձը, որտեղ վարչապետը բուլղարա-հայկական կապերի ամրապնդման գործում հայտնելով բուլղարական կողմի շահագրգռությունն ու պատրաստակամությունը, ավանդական կապերի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը, միաժամանակ, վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող կառավարությունը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումների և եվրոպական կառույցների ու Հայաստանի մերձեցման գործընթացը:
Բուլղարիայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է եվրաինտեգրման բնագավառում ևս երկու երկրների միջև փոխգործակցությունը: Դեսպան Ստեֆան Դիմիտրովը նշել է, թե այս բնագավառում զգալի աշխատանք կա իրականացնելու, նկատի առնելով, որ Բուլղարիան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հայաստանն այդ կառույցների հետ համագործակցության զարգացման գործընթացում է:
Ընդգծելով, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձևավորված է բավականին ընդգրկուն իրավական դաշտ, երկուստեք կարևորվել է առկա ներուժը լիարժեք օգտագործելու և տնտեսական գործակցությունը քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու խնդիրը, որին կարող են նպաստել գործարարների միջև շփումների ակտիվացումը, միմյանց շուկաների մասին բավարար չափով տեղեկացվածությունը, նախարարությունների միջև ուղղակի, ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը:
Բուլղարիայի դեսպանը նշել է, թե Հայաստանում իր դիվանագիտական առաքելության շրջանում աշխատանք է տանելու Երևան-Սոֆիա չվերթի վերաբացման ուղղությամբ: Տնտեսական հարաբերությունների զարգացումը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը, մի շարք բնագավառներում համագործակցության ընդլայնումը, ըստ նրա, իրատեսական կդարձնեն չվերթի իրականացումը:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստակամ է և կանի հնարավորը՝ հայ-բուլղարական հարաբերությունների առավել ամրապնդման ու տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործմանը նպաստելու համար: