չորեքշաբթի, 11 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:
Հանդիպման սկզբում վարչապետը նախ շնորհավորել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան բացման կապակցությամբ, որի արարողությունը նախատեսված է վաղը և հույս հայտնել, որ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ աշխատանքը նոր խթան կհանդիսանա ու կնպաստի Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը: Դեսպան Բոզժիգիտովը նշել է, որ համագործակցության լայն հնարավորություններ և հետաքրքիր ու փոխշահավետ նախագծեր կան, որոնց վերաբերյալ արդեն որոշակի քննարկումներ է ունեցել նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահի հետ:
Ղազախստանի դեսպանը, հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, Սերժ Սարգսյանին է հանձնել իր երկրի վարչապետ Կարիմ Մասիմովի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ, որտեղ Ղազախստանի վարչապետը համոզվածություն է հայտնում, որ հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցության վրա, այսուհետ ևս կնպաստի երկու երկրների և ժողովուրդների բարգավաճմանը:
ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը խոսել է նաև Ղազախստանի մոտ 25 հազարանոց հայկական համայնքի մասին, ընդգծելով, որ այն ևս հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման ու փոխգործակցության զարգացման զգալի ներուժ է: Զրուցակիցները կարևորել են միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը ևս:
Նշելով, որ ս.թ. օգոստոսին Ղազախստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դեսպանն ընդգծել է, թե միջազգային դիտորդական առաքելությունների և Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների իր գործընկերների բարձր գնահատականին արժանացած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների փորձի ուսումնասիրումը կարող է շատ օգտակար լինել Ղազախստանի համար:
Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություններ է մաղթել դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին՝ վերահաստատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքերը նպատակաուղղելու ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու հարաբերությունների առավել սերտացմանը: