չորեքշաբթի, 11 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին: Տիկին Վիդալը, հանդիպման սկզբում նախ Սերժ Սարգսյանին է փոխանցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ապա գոհունակությամբ նշել, որ ՀՀ ԱԺ-ի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով նախատեսված գերակայությունները միանգամայն համահունչ են ՄԱԿ-ի նախանշած հիմնական առաջնահերթություններին, ինչը ՀՀ կառավարության և ՀՀ-ում գործող ՄԱԿ-ի գործակալությունների միջև հետագա համագործակցության լայն հնարավորություններ է բացում:
ՀՀ վարչապետը, բարձր գնահատելով Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների և հատկապես՝ Զարգացման ծրագրի գործունեությունն ու կազմակերպության հայաստանյան գրասենյակի արդյունավետ փոխգործակցությունը ՀՀ կառավարության հետ, նշել է, որ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է վերանայել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որի շրջանակներում ակնկալում է ավելի սերտ և ակտիվ գործակցություն ՄԱԿ-ի հետ՝ նկատի առնելով, որ աղքատության հաղթահարման խնդիրը եղել և մնում է ՄԱԿ-ի կողմից հռչակված հազարամյակի զարգացման կարևորագույն նպատակներից մեկը: Սերժ Սարգսյանը կարևորել է ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացում հասարակական լայն քննարկումների իրականացումը, ընդգծելով, որ ծրագիրը պետք է լինի այնքան որոշակիացված ու հիմնավորված, որ կատարումը միանգամայն իրատեսական դառնա: Դա, ըստ վարչապետի, կբարձրացնի նաև ծրագրի նկատմամբ հանրության վստահությունը:
Խոսելով ՀՀ կառավարության համար կարևորագույն ու հիմնական փաստաթղթերի՝ ՀՀ կառավարության ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթների իրագործման ուղղությամբ ջանքերի համատեղման անհրաժեշտության մասին, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից ընդունվելիք ցանկացած այլ փաստաթուղթ պետք է համահունչ լինի վերոնշյալ ծրագրերի նպատակներին:
Կոնսուելո Վիդալը վստահեցրել է, որ ՄԱԿ-ը, իբրև ՀՀ կառավարության գործընկեր, ուրախ կլինի շարունակել նշված փաստաթղթերի շրջանակներում համագործակցությունն ու երկրի զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործմանն աջակցությունը, նկատի առնելով, որ այդ ծրագրերը փոխկապակցված են և գերակայությունների մասով համընկնում են ՄԱԿ-ի նպատակադրումներին: