երեքշաբթի, 4 դեկտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը էներգետիկայի նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարար Արմեն Մովսիսյանին: Անդրադառնալով էներգետիկ համակարգի խնդիրներին՝ վարչապետն ընդգծեց դրանց լուծման գործում պատասխանատվության, կամքի և վճռականության դրսևորման անհրաժեշտությունը: Նշելով, որ ոլորտի բարեփոխումները շարունակվելու են՝ ընդհանուր քաղաքականությունը չի փոխվելու, վարչապետն ասաց, որ նոր նախարարը, այդ առումով, բավականին անելիքներ ունի: Նկատի առնելով, որ Արմեն Մովսիսյանը համակարգում նոր մարդ չէ, և նախարարության աշխատակազմը բավականաչափ ճանաչում է նրան, վարչապետը չմանրամասնեց նրա կենսագրական տվյալները, մասնագիտական ունակությունները: Վարչապետը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նախարար Արմեն Մովսիսյանին: Նախարարին շնորհավորեց նաև նախկին նախարար Կարեն Գալուստյանը, ընդգծելով, որ Արմեն Մովսիսյանը համակարգում աշխատանքի արդյունավետ փորձ ունի և կկարողանա իր առջև դրված խնդիրները պատշաճորեն կատարել: Նախկին նախարարը շնորհակալություն հայտնեց վարչապետին և նախարարության աշխատակիցներին՝ իր պաշտոնավարման շրջանում հնարավորինս աջակցելու, ծանր պահերին սատարելու համար:
Նախարար Արմեն Մովսիսյանը շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին և վարչապետին վստահության համար, հավաստիացրեց, որ գիտակցելով ոլորտի խնդիրների ծանրությունը, առկա վիճակը, կանի ամեն ինչ՝ իր վրա դրված հույսերն արդարացնելու համար: