Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 հուլիսի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը կառավարության նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ բյուջեում կատարված փոփոխության արդյունքում, հնարավորություն է ստեղծվել, բացի նախատեսված խնդիրներից, լուծել նաև հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Նա ընդգծել է, որ այդ առումով անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը մարզերից և Երևան քաղաքից պահանջի և ստանա հրատապ լուծումներ պահանջող խնդիրների ցուցակը, ճյուղային նախարարությունների հետ միասին որոշվեն առաջնահերթությունները, այնուհետև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարների հետ միասին կազմեն ծրագրեր՝ այս տարվա համար առաջնահերթ համարվող խնդիրների լուծման նպատակով: Վարչապետը նշել է, որ սկզբի համար այդ նպատակին կտրամադրվի մոտ 10 մլրդ դրամ, որից հետո աշնանը կրկին անդրադարձ կլինի այդ հարցին:


Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունը որոշել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ տարածքում 2007թ. գարնանային հեղեղումների հետևանքով քանդված մարզային նշանակության ավտոմոբիլային և համայնքային ճանապարհների ու արհեստական կառուցվածքների վերականգնման նպատակով, ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին մարզային նշանակության ավտոմոբիլային և համայնքային ճանապարհների ու արհեստական կառուցվածքների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար 2007թ. առաջին կիսամյակում 28 մլն դրամ հատկացնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: Նույն որոշմամբ, 2007թ. առաջին կիսամյակում, շինարարական աշխատանքների իրականացման համար, 483.19 մլն դրամ է հատկացվել ՀՀ մարզպետարաններին, մասնավորապես՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանին՝ 45.62 մլն դրամ, Արարատի մարզպետարանին՝ 33.13 մլն դրամ, Վայոց Ձորի մարզպետարանին՝ 83.89 մլն դրամ, Տավուշի մարզպետարանին՝ 114.34 մլն դրամ, Լոռու մարզպետարանին՝ 53.35 մլն դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 32.83 մլն դրամ և Գեղարքունիքի մարզպետարանին՝ 120.03 մլն դրամ: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարներին՝ վերահսկողություն իրականացնել որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ:


Նիստում հաստատվել է վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը: Այն ենթակա է կիրառման սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների, ինչպես նաև օգտահանում կամ ոչնչացում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից:


Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է նաև էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրատեղակայանքների սարքվածքների նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 2 մլն 681.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ 2007թ. առաջին եռամսյակի ընթացքում որոշման մեջ նշված կազմակերպությունների կողմից իրականացված մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծված արտադրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 33 մլն 547 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ արդարադատության նախարարությանը՝ 2007թ. ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով:


Այլ որոշումներով ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 62 մլն 574 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1 հինգհարկանի բազմաբնակարան շենքի ուժեղացման աշխատանքների ֆինանսավորման համար, ևս 12 մլն 277.5 հազար դրամ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ Հայաստանում վինդսերֆինգ մարզաձևի զարգացման նպատակով «Երևանի առագաստային ակումբ» հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով:


«Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը նպատակահարմար է համարել ՀՀ ԱԺ-ում «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի նախագծի հերթական երկրորդ ընթերցմամբ քննարկումները:


Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև՝ միմյանց դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով հողամաս տրամադրելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 9-ի «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին» N 865-Ն որոշման մեջ, որով ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան տեղակայման վայր է սահմանվել ք. Երևան, Ծովակալ Իսակովի 10ա հասցեն, որը գտնվում է ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի հաշվեկշռում: Որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման մասնագիտացված մաքսատան տեղակայման վայր է սահմանվել Արշակունյաց 127/21 հասցեն: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին 132 մլն 279.5 հազար դրամ է հատկացվել ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեին՝ Շիրակի մաքսատան Բավրայի մաքսային կետի շինարարական աշխատանքների կատարման համար:


Նիստում կառավարությունը հաստատել է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության՝ ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված «Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում» ծրագրով կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով նախատեսվում է ներմուծվող ապրանքների դրոշմավորմանը վերաբերող պարտադիր պահանջները ամրագրել օրենքով:


«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի օտարման գործարքից առաջացած փոխհարաբերությունների կարգավորման նպատակով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է չեղյալ ճանաչել ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 22-ի «ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 18-ի N1131-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N1335-Ա որոշումը, համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 18-ի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը վաճառելու մասին» N1131-Ա որոշման մեջ:


ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի «ՀՀ կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» հրամանագրին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, ինչպես նաև հաստատել է հիշյալ նախարարության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը և աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 3-ի N905-Ն որոշումը:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին՝ Երևան քաղաքի Մոսկովյան 31 հասցեում գտնվող շենքից սեփականության իրավունքով իրեն պատկանող 296.8 քմ մակերեսով գրասենյակային տարածքի՝ 159.49 քմ մակերես ու 37 մլն 839.468 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող մասով և ձախակողմյան ճակատի կողմից 173.3 քմ մակերեսով ու 14 մլն 697.7 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց: Նույն որոշմամբ ՀՀ-ի կողմից ձեռք բերված Երևան քաղաքի Մոսկովյան 31 հասցեում գտնվող շենքից 296.8 քմ մակերեսով գրասենյակային տարածքից 159.49 քմ մակերեսով տարածքը ամրացվել է «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ այն «Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու նպատակով: Նույն որոշմամբ նշված հասցեում գտնվող շենքի ձախակողմյան ճակատի կողմից 173.3 քմ մակերեսով տարածքը նվիրաբերվել է Երևան քաղաքի Կենտրոն համայնքին՝ այնտեղ տեղակայված մանկապարտեզի գործունեությունը ապահովելու պայմանով: Որոշումից բխող համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին և Երևանի քաղաքապետին:


Կառավարության որոշմամբ Լիդա Նանյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ:


 


 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ