չորեքշաբթի, 5 դեկտեմբերի 2001
Հայաստանի Հանրապետությունում մոտ հինգ ու կես տարվա իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Միշել Լեգրան այսօր հրաժեշտի այց կատարեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մագարյանին. «Հայաստանից հեռանում եմ լավագույն հիշողություններով, այստեղ գտնվելու տարիներն ինձ համար բովանդակալից և ուսանելի էին: Ես ուրախ եմ, որ Հայաստանն այսօր այն Հայաստանը չէ, որը տեսա և ճանաչեցի հինգ ու կես տարի առաջ: Այն այժմ բավականին դրական տեղաշարժեր ունի, որը վստահ եմ, կշարունակվի», - հանդիպման ժամանակ ասաց դեսպանը:
Նա ուրախությամբ նշեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, որին, ըստ նրա, նպաստել է նաև մեր հանրապետության նախագահի պետական այցը իր երկիր: Պարոն Լեգրան գոհունակություն հայտնեց նաև Հայաստանում օտարերկրյա ներդրումների տեսակարար կշռում Ֆրանսիայի ունեցած ներդրումների ծավալից, ավելացնելով, որ այդուհանդերձ, տնտեսական ոլորտում բավականաչափ անելիքներ կան: Նա հույս հայտնեց, որ իր իրավահաջորդը, որը Հայաստան կժամանի հունվարի սկզբին, կկարողանա հաջողությամբ շարունակել և զարգացնել հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական աշխատանքը հաջողությամբ ավարտելու համար, նշելով, որ պարոն Լեգրայի հետ մինչ վարչապետ նշանակվելն էլ բազմիզս հանդիպել է և պատգամավոր եղած ժամանակ, և իբրև կուսակցության ղեկավար: Մշտապես տպավորություն է ունեցել, որ զրուցում է բարեկամ երկրի՝ Հայաստանի խնդիրների լուծմամբ շահագրգիռ և սրտացավ դիվանագետի հետ: Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ մաղթեց դեսպան Լեգրային դիվանագիտական նոր աշխատանքում և անձնական կյանքում. պարոն Լեգրան նշանակվել է Ֆրանսիայի դեսպան Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: