հինգշաբթի, 12 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուն Ցզիույինին:
Շնորհավորելով դեսպանին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետն ընդգծել է, որ ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և երկու երկրների դեսպանների աշխատանքը, այդ հարաբերությունների առավել ամրապնդման ու համագործակցության ընդլայնման տեսանկյունից, անչափ կարևոր է: Վարչապետը խորհրդանշական է համարել պարոն Խուն Ցզիույինի նշանակումը դեսպանի պաշտոնում այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը և Չինաստանը նշում են իրենց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական հարաբերությունները, նշելով, որ ՀՀ կառավարությունն այսուհետ ևս պատրաստակամ է հնարավորինս նպաստելու բոլոր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:
Դեսպան Խուն Ցզիույինը Սերժ Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ողջույններն ու ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորանքը: Դեսպանը նշել է, որ համագործակցության համար բավականին ամուր հիմքեր են դրված և իր պատկերացմամբ, մի շարք բնագավառներում նոր և հեռանկարային ծրագրերի իրագործման լայն հնարավորություններ կան: Պարոն Խուն Ցզիույինն ասել է, թե այդ համոզմանն է եկել Հայաստանում գտնվելու մոտ մեկ ամսվա ընթացքում ՀՀ տարբեր նախարարություններում ունեցած հանդիպումներից հետո, որտեղ ըստ ոլորտների հանգամանորերն քննարկվել են հեռանկարային և փոխշահավետ ծրագրեր: Դեսպանն անդրադարձել է այդ ոլորտներից մի քանիսին, մասնավորապես՝ գյուղատնտեսության բնագավառում գործակցությանը, հայկական կոնյակը չինական շուկա արտահանելու հեռանկարին, կրթության բնագավառում՝ հատկապես տարբեր մասնագիտությունների գծով ուսանողների փոխանակման կարևորությանը, համատեղ ձեռնարկությունների հիմնմանը և այլն: Վերջինիս հետ կապված, դեսպան Ցզիույինը տեղեկացրել է, թե առայժմ հայ-չինական միակ՝ «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի շահագործման հանձնումը և առաջին արտադրանքի թողարկումը նախատեսվում է 2007թ. վերջին կամ հաջորդ տարեսկզբին:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը: