հինգշաբթի, 12 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինային: Պարոն Փերինան, որ 2001-2004թթ. եղել է ԼՂ և Եվրասիական հակամարտությունների հարցերով ԱՄՆ հատուկ պատվիրակն ու ի պաշտոնե մինչ այս առիթ է ունեցել այցելել Հայաստան, նշել է, թե անչափ ուրախ է կրկին Հայաստանում լինելու և այս անգամ՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ուղղությամբ աշխատելու հնարավորության համար:
Ե՛վ ՀՀ վարչապետը, ե՛ւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ընդգծել են հնարավորինս շուտ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու կարևորությունը, հույս հայտնելով, որ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի: Նրանք պատրաստակամություն են հայտնել մինչ այդ շարունակել հայ-ամերիկյան բարեհաջող զարգացող համագործակցության ընդլայնման ուղղությամբ ջանքերը:
Ռուդոլֆ Փերինան նշել է, թե ԱՄՆ-ը արժևորում և նշանակալից է համարում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» կազմակերպության կառավարման խորհրդում. «Վաշինգտոնում լավ գիտեն և բարձր են գնահատում նաև պաշտպանության բնագավառում, մասնավորապես՝ Իրաքի, Կոսովոյի խաղաղարար գործողություններին Հայաստանի մասնակցությունը»,- ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ ՀՀ վարչապետի հետ քննարկելով խաղաղարար գործողություններին Հայաստանի մասնակցությունը հետագայում ավելի մեծացնելու հնարավորությունները ևս:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումների հեռարձակման թեմային: Ռուդոլֆ Փերինան նշել է, թե չնայած հարցը ներկայացվում է իբրև պայմանագրային հարաբերություններում առկա խնդիր, սակայն, ըստ նրա, եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն և չդառնան մտահոգությունների առարկա: Վարչապետն ընդգծել է ավելի վաղ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիի հետ հանդիպման ժամանակ ասածը, նշելով, որ երբեք խնդիր չի դրվել Հայաստանում սահմանափակելու կամ արգելելու «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումները, և հարցը չպետք է այդպես դիտարկվի: Խնդիրը, ըստ վարչապետի, վերաբերում է որոշ հարցերի կարգավորմանը, որի ուղղությամբ այժմ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը բանակցություններ է վարում ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավարության հետ: Վարչապետը հավաստիացրել է, թե բանակցությունների արդյունքներից կախված, անհրաժեշտության դեպքում կրկին կանդրադառնա խնդրին: Ռուդոլֆ Փերինան դա միանգամայն ճիշտ քայլ է համարել, նշելով, որ եթե տեխնիկական հարցերի շուրջ կան թյուրըմբռնումներ, ապա, անշուշտ, բանակցությունների ընթացքում դրանք պետք է լուծվեն: