ուրբաթ, 6 հուլիսի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:
«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը: Որոշմամբ հաստատվել են նաև գործունեության ոլորտների, (որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության), և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի, ինչպես նաև անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության 2003թ. մարտի 27-ի N 347 որոշումը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Մեկ այլ որոշմամբ, «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է նաև բժշկահոգեբանամանկավարժական գնահատում իրականացնող կենտրոնների նկատմամբ պահանջները և դրանց ցանկը:
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Երևանի N 5 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը վերանվանել «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ: Սահմանվել է, որ հիշյալ կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է «Երևանի N 5 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի սեփականություն հանդիսացող գույքը՝ իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, իսկ կազմակերպությանն անհատույց օգտագործման նպատակով ամրացվում են շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը իր ամբողջ կազմով և արժեքով: Որոշմամբ կազմակերպությանն է ամրացվում նաև Երևանի Քաջազնունու փողոցի N 12 հասցեում գտնվող դպրոցական շենքային համալիրը՝ 2301.4 քմ մակերեսով և 10 մլն 86.8 հազար դրամ հաշվեկշռային արժեքով: Սահմանվել է նաև, որ կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում պետական սեփականություն հանդիսացող հողերը:
Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման մեջ, ըստ որի արտահայտված արտաքին ձևախեղումներն ու այլ խանգարումները ներառվել են ոչ միայն 18 տարեկանից բարձր անձանց, այլ նաև երեխաների ֆունկցիաների հիմնական խանգարումների ցանկում:
«Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ-ից արտահանվող նշված վերահսկվող ապրանքների և տոխնոլոգիաների ցանկերը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 25-ի N 992-Ն համապատասխան որոշումը:
Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հոկտեմբերի 6-ի «ՀՀ աշխատանքի պետական տեսչություն գործատուների կողմից եռամսյակային հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 2301-Ն որոշման մեջ, որը մշակվել է հիմք ընդունելով 2006թ. դեկտեմբերի 22-ի «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջները: Որոշումը բխում է նաև ՀՀ վարչապետի 2007թ. մարտի 9-ի «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 181-Ա որոշմամբ հաստատված ցանկի պահանջներից:
Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորման կարգը և դրա իրականացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1148 որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ 2007թ. փետրվարի 22-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներով:
Նիստում փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որոնք պայմանավորված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ համայնքի բյուջեի ֆոնդային մասից միջոցները ժամանակավորապես կարող են ուղղվել համայնքի բյուջեի վարչական մաս՝ համայնքի ավագանու որոշմամբ, այդ առաջարկությունը ներկայացնելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատմանը:
Գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին 21 մլն 823.008 հազար դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 2007թ. օգոստոսի 26-ին կայանալիք ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Նույն որոշմամբ՝ ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման համաձայն, հաստատվել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2007թ. օգոստոսի 26-ին կայանալիք ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին նախատեսված միջոցներից կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը:
Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին ևս 9 մլն 500 հազար դրամ է հատկացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր» և «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածներով: