ուրբաթ, 13 հուլիսի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի Թալին քաղաքի թիվ 1 մանկապարտեզի շենքի վերանորոգման ծրագիրը, ՀՀ առողջապահության նախարարության տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի կենտրոնական գրասենյակի կողմից իրականացվող «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մեկ բաժանմունքի հիմնանորոգման» ծրագիրը.«Հայ-ավստրիական բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Գյումրու «Ավստրական մանկական հիվանդանոց» ՓԲԸ-ի համար գնել անհարժեշտ դեղորայք և բժշկական սարքավորումներ:
Հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել են նաև ԱՄՆ-ի «Հայ կրթական հիմնարկություն» Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «ՀՀ Շիրակի մարզի Իսահակյան և Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղերի դպրոցների վերանորոգում» ծրագիրը, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Լոռու մարզի «Գոգարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգում» ծրագիրը, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Զեյթուն» համայնքային ուսումնական և աջակցման կենտրոնի ստեղծում» ծրագիրն ու «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող`«Թալինի տարածաշրջանի վեց համայնքներում խմելու և ոռոգման ջրագծերի վերանորոգում» ծրագիրը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր ևս: