հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը 1988 թ.
երկրաշարժի տարելիցի կապակցությամբ
Ամեն տարի այս օրը յուրովի ենք վերապրում երբևէ մեր ժողովրդին բաժին հասած մեծագույն աղետներից մեկը՝ 1988 թ. Սպիտակի երկրաշարժը: Ժամանակն անզոր է բուժելու տասնյակ հազարավոր անմեղ զոհերի ու վիթխարի ավերածությունների պատճառած ցավն ու կսկիծը մեր սրտերում: Ակնհայտ է, որ հանրապետության համար ընդհանուր հիմնախնդիրները՝ աշխատատեղերի ստեղծման, բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված դժվարությունները, առավել սուր ու ցավագին են արտահայտվում աղետից տուժած բնակավայրերում:
Չնայած պետական սուղ միջոցների, Լինսի և «Հայաստան» համահայկական հիմնադրամների, կառավարության սոցիալական ներդրումների հիմնադրամի և այլ ծրագրերով հատկացվող գումարների հաշվին անցած տարիներին իրականացված զգալի աշխատանքներին, աղետի գոտու վերականգնման, այդ նպատակով ծախսվող միջոցների արդյունավետ օգտագործման խնդիրը դեռևս մնում է մեր պետության և կառավարության, ամբողջ հայության ուշադրության կենտրոնում:
Ցավակցում եմ այդ օրերին հարազատ մարդու կորստի ցավն ապրած մեր բոլոր հայրենակիցներին, որոնց դեկտեմբերի 7-ի ծանր հիշողություններն ամեն տարի այդ օրը ստիպում են վերապրել երկրաշարժի ահավոր վայրկյանները:
Այդ ծանր փորձությունը, դժվարությունները վերջնականապես հաղթահարելու, առաջ նայելու ուժ և վճռականություն ձեզ բոլորիդ: