երեքշաբթի, 17 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմին ներկայացրել է ՀՀ նախագահի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակված հարկային պետական ծառայության նոր պետին` Վահրամ Բարսեղյանին և խոսել ծառայության առջև դրված խնդիրների ու նոր մոտեցումների մասին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանին` անցած չորս տարիներին կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման շրջանում հաջողվել է որոշակի դժվարություններ հաղթահարելով, գրեթե 2,5 անգամ ավելացնել հավաքագրումների ծավալը` 120 մլրդ դրամից հասցնելով 280 միլիարդ դրամի, ինչը շոշափելի արդյունք է, սակայն ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը մեծացնելու ուղղությամբ անելիքներ դեռևս շատ կան:
Վարչապետը բարձր է գնահատել նաև հարկային պետական ծառայության առջև նոր խնդիրներ դնելու և նոր ղեկավարի միջոցով դրանք լուծելու` Ֆելիքս Ցոլակյանի մոտեցումը: Վարչապետը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնն ստանձնած պրն. Ցոլակյանը կշարունակի աշխատել նույնպիսի պատրաստակամությամբ և արդյունավետությամբ:
Ներկայացնելով հարկային ծառայության նորանշանակ ղեկավարին` Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ծառայության լավ ավանդույթները շարունակելով հանդերձ, նա իր աշխատանքով նոր խոսք կասի, նոր մոտեցումներ և մեխանիզմներ կներդնի ծառայության աշխատանքում, քանի որ, ըստ վարչապետի, առանց նոր մոտեցումների, առանց լուրջ և նոր լծակների կիրառման, անհնար է բարձրացնել հավաքագրումների մակարդակը և լիարժեք լուծել ծառայության առջև դրված նոր խնդիրները. «Մենք պարտավոր ենք, մենք այլ ճանապարհ չունենք մեր ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու, այլ ճանապարհ ստվերը վերացնելու, քան հավաքագրումն է` չունենք: Հստակ է, որ ցանկացած ստվեր, ցանկացած ստվերային գումար աշխատում է պետության դեմ, և մենք անպայման, նաև այս պատճառով, բայց ամենից կարևորը, անշուշտ, որպեսզի հնարավորություն ունենանք նախատեսված ծախսերը կատարել, պարտավոր ենք լուրջ միջոցներ ձեռնարկել»,-ընդգծել է վարչապետը:
Հարկային ծառայության նախկին պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին, վարչապետին և հարկային ծառայության աշխատակազմին` իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում ցուցաբերած վստահության և մշտական աջակցության համար, հույս հայտնելով, որ բարձրորակ մասնագետներով համալրված ծառայության աշխատակազմն այսուհետ ևս նոր ղեկավարի հետ կշարունակի լուծել ծառայության առջև դրված խնդիրները: Ֆելիքս Ցոլակյանը հաջողություններ է մաղթել հարկային ծառայության նոր պետին:
ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանը վստահեցրել է, որ ծառայության աշխատանքի հիմքում անպայման դրվելու են նոր մոտեցումներ ու մեթոդներ, որոնք կարճ ժամկետում արդեն ակնհայտ կլինեն և թույլ կտան ծառայության աշխատանքի արդյունավետությունն ավելի մեծացնել: