երեքշաբթի, 17 հուլիսի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպման սկզբում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է տարբեր առարկաների գծով ձևավորված թվով 17 հանձնաժողովների նախագահներին, նշելով, որ նրանք ներկայացնում են տարբեր բուհեր, և բոլորն էլ բազմափորձ են:
Բուհական քննություններից առաջ հանձնաժողովների նախագահների հետ հանդիպմանը վարչապետը հետաքրքրվել է, թե քննական գործընթացն անխոչընդոտ, արդար և բարձր մակարդակով կազմակերպելու համար ՀՀ կառավարությունից կամ վարչապետից ինչպիսի՞ աջակցություն են ակնկալում հանձնաժողովների ղեկավարները, ընդգծելով, որ միասնական քննակարգով հաջողությամբ իրականացված հայոց լեզվի ավարտական քննությունները եթե ոչ ամբողջովին, ապա ինչ-որ չափով փոխել են քննական գործընթացի նկատմամբ հասարակական կարծիքը, և այժմ անհրաժեշտ է այն ավելի ամրապնդել:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև առաջիկա տարիներին նախատեսվող քայլերին, որոնք միտված են լինելու քննությունների ընթացքում նվազագույնի հասցնելու սուբյեկտիվությունը: Դրանք, ըստ վարչապետի, պահանջում են զգալի ներդրումներ և ժամանակ, որպեսզի ամբողջ քննական գործընթացն ավտոմատացվի: Կառավարությունը հաստատակամորեն իրականացնելու է այդ քայլերը, սակայն, մինչ այդ, Սերժ Սարգսյանը կարևորել է բոլոր տեսակի ճնշումներին` կլինեն դրանք հարազատների, մերձավորների, ընկերների թե պաշտոնյաների կողմից, դիմակայելու անհրաժեշտությունը, որպեսզի գործընթացի նկատմամբ մարդկանց հավատը չխաթարվի:
Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել բուհական ընդունելության քննություններին: